Կրագերոյի քաղաքային իշխանությունները դատապարտում են Արցախի դեմ ագրեսիան

Նորվեգայի Կրագերոյի քաղաքապետարանը դատապարտում է Արցախի դեմ ագրեսիան։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացնում է Կրագերո քաղաքում բնակվող Հովհաննես Բայադյան՝ նշելով, որ ստեղծված իրավիճակի մասին փաստաթուղթ են ստորագրել Կրագերոյի ինչպես ներկա, այնպես էլ նախկին 3 քաղաքապետները։ Փաստաթղթում ասված է․ «Պատերազմը, որը ներկա պահին ընթանում է հայկական և ադրբեջանական կողմերի միջև Արցախում (Լեռնային Ղարաբաղում), տալիս է մեզ պարզ պատկերացում և մեծ մտահոգություն, որ ապագայում այս ամենը կարող է կրկնվել հայ ժողովրդի հանդեպ։ Թուրքիան ակտիվ աջակցում է Ադրբեջանին այս պատերազմում, որն ըստ էության 1915թ. կոտորածների շարունակությունն է»։

Փաստաթուղթը ստորագրած անձինք՝ նախկին քաղաքապետներ Էռլինգ Լայլանդը, Կոռե Պռետեն Հեգլանդը, Յունե Բիկռան, գործող քաղաքապետ Գռունե Քնյուդսենը, խնդրում են Նորվեգիայի կառավարությանը արձագանքել այս հարցին և հնարավորինս շուտ կողմերին անհապաղ հրադադարի և խաղաղ բանակցությունների կոչ անել։

Կրագերոն Հայաստանի քաղաքներից գործընկեր-քաղաքի կարգավիճակ ունի Գյումրիի հետ։ 2018 թվականին երկու քաղաքների միջև կնքվել է փաստաթուղթ, որով քաղաքները ճանաչվում են գործընկեր։ Նախատեսվում էր առաջիկայում երկու քաղաքների միջև կնքել քույր-քաղաքի հուշագիր։

Կրագերոյի քաղաքապետարանն առաջինն է Նորվեգիայում, որը 2006թ․ պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Միսիոներ և բարերար Բոդիլ Կատերինե Բյորնը Կրագերոյից անձամբ եղել է Հայոց ցեղասպանության վկաներից մեկը Օսմանյան կայսրության կողմից 1915թ․ ցեղասպանության տարիներին:

Արմենուհի Մխոյան

Տեսանյութեր

Լրահոս