Բաժիններ՝

Ո՞վ կարող է Լեռնային Ղարաբաղում հայերից տարածք պահանջել: Այս մարդիկ այստեղ են բնակվում արդեն հազարավոր տարիներ. Արմեն Սարգսյանի հարցազրույցը RT հեռուստաընկերությանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել Russian today հեռուստաընկերությանը.

Հարց- Պարոն նախագահ, շնորհակալ ենք այս դժվար ժամանակահատվածում մեզ ընդունելու համար: Ինչպես բոլորս գիտենք, բարդ ժամանակներում անհրաժեշտ է խոսել և լինել իրազեկ, այդ իսկ պատճառով մենք հիմա այստեղ ենք: Կարո՞ղ եք ներկայացնել, թե ինչ վերջին զարգացումներ կան հակամարտության գոտում և ուղիղ պատասխանել հարցին՝ հրադադարը գործո՞ւմ է:

– Նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել RТ-ին այս հարցազրույցի համար: Ինչպես Դուք նշեցիք, հիմա դժվար ժամանակներ են, սակայն նման ժամանակներում պետք է խոսել և հատկապես պետք է խոսել ընկերների հետ:

Ձեր հարցին ուղիղ պատասխանը, դժբախտաբար, ոչ է: Հրադադարն ամբողջությամբ չի պահպանվում, և սա միայն իմ խոսքերը չեն, սա ճանաչված փաստ է շատ միջազգային դիտորդների կողմից: Այս փաստի մասին մի քանի ժամ առաջ խոսեց նաև Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Լավրովը: Կրկին պետք է ասեմ, դժբախտաբար, քանի որ հրադադարը խախտել նշանակում է ռմբակոծել, հրետակոծել, մարդկային ավելի շատ կյանքեր խլել՝ ինչպես Լեռնային Ղարաբաղի/Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ առաջնագծում, այնպես էլ քաղաքացիական անձանց կյանքեր:

Հարց- Կա՞ն հրադադարի խախտումներ հայկական կողմից: Եվ եթե այո, ապա ինչո՞ւ:

– Եթե մի կողմը խախտում է, մյուս կողմը պատասխանում է:

Իհարկե, շատ կարևոր է ունենալ մեխանիզմ՝ հստակեցնելու, թե ով է խախտում հրադադարը: Իսկ դա անելու շատ տարբերակներ կան և դրանք պետք է գործի դրվեն: Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը, որին առաջարկվել է մաս լինել այս հումանիտար գործողության, ի վիճակի չի լինի աշխատել այստեղ: Ուստի, բացարձակ անհրաժեշտություն են հրադադարը մշտադիտարկման ենթարկելը, ապահովելը, որ այն աշխատի:

Հարց- Դուք ասացիք, որ խոսքը կրակին պատասխանելու մասին է: Ցանկանում եմ հստակեցնել՝ հնարավո՞ր է զինված ուժերում լինեն տարբեր ուժեր, մարդիկ, ովքեր այլ տեսակետ ունեն: Գուցե կա՞ տարբերակ, որ ինչ-որ կողմ ավելի ծայրահեղ է: Ի՞նչ կասեք Ադրբեջանում այն վնասների և զոհերի մասին, որոնք հեռու են հակամարտության էպիկենտրոնից, օրինակ, տեղեկությունները Գյանջան հրետակոծելու և վնասներ հասցնելու մասին, որոնք հայտնվեցին հրադադարի մասին հայտարարելուց հետո:

– Փորձեմ պատասխանել Ձեր հարցին և մի քանի կետեր առանձնացնեմ: Առաջինը՝ ինչ վերաբերում է Գյանջան ռմբակոծելուն կամ հրետակոծելուն, ես հստակ տեղեկություններ ունեմ իմ կառավարությունից՝ պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններից, որ հաստատապես Հայաստանը չի հրետակոծել այն:

Երկրորդը՝ երբ խոսում եք հրադադարը խախտելու մասին, դժբախտաբար, դրա հայտարարումից անմիջապես հետո ՝ ժամը 12-ին, Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը հրետակոծության ենթարկվեց: Ես խոսում եմ քաղաքացիական բնակչությանը հրետակոծելու մասին:

Երրորդ՝ մենք չպետք է մոռանանք իրական փաստը՝ ով է սկսել պատերազմը: Դա ադրբեջանական կողմն է, և ոչ թե Լեռնային Ղարաբաղի/ Արցախի Հանրապետության բնակչությունը: Եվ այդ պատերազմը սկսվեց մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքացիական բնակչության ու շինությունների հրետակոծությամբ: Ստեփանակերտում չկան ռազմական օբյեկտներ: Իսկ քաղաքացիական բնակչությանը գյուղերում, քաղաքներում, այդ թվում և՝ մայրաքաղաքում ռմբակոծելը մարդու իրավունքների կոպիտ խախտում է:

Հարց- Վերադառնալով իմ նախկին հարցին՝ կարո՞ղ է լինել տարաձայնություն հայկական զինված ուժերի ներսում:

– Եթե խոսում եք Հայաստանի և ՀՀ պաշտպանության նախարարության մասին, ավելի քան վստահ եմ, որ կա միայն մեկ տեսակետ և մեկ վարքագիծ, որը գալիս է կառավարությունից, վարչապետի գրասենյակից, պաշտպանության նախարարությունից: Եվ պատճառը պարզ է՝ վարչապետն է պատասխանատու անձը կառավարությունում այս ամբողջ գործողությունների իրականացման համար: Եթե ես նման տեղեկություն ունենայի, ապա կլինեի առաջինը, ով կվերցներ հեռախոսը և կխոսեր վարչապետի, պաշտպանության նախարարի հետ: Ես չունեմ նման տեղեկատվություն:

Հարց- Պարոն նախագահ, ուզում եմ հստակեցնել՝ երբ ասում եք, որ տեղյակ չեք Հայաստանի կողմից Գյանջայի հրետակոծման կամ ռմբակոծման դեպքերի մասին, արդյո՞ք նկատի ունեք, որ տվյալ դեպքում դա սադրանք է՝ հասնելու իրավիճակի ավելի լարման:

– Դա սադրանք է, թե ոչ՝ մանրուք է: Մեծ պատկերն այն է, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը որոշեց, որ իրենք այլևս հետաքրքրված չեն սեղանի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ շարունակելու բանակցությունները: Նրանք որոշեցին վերադառնալ 30 տարով հետ, երբ սկսվեց ղարաբաղյան առաջին պատերազմը, և կրկին փորձել խնդիրը լուծել ուժի միջոցով:

Ոչ միայն որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, այլև որպես մեկը, ով հետևում է գործընթացին երկար տարիներ, կարող եմ վստահեցնել, որ երբ վերլուծում եմ այս ամենը, տրամաբանորեն հասկանում եմ, որ խնդիրը ռազմական լուծում չունի մի քանի պատճառով:

Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը Ղարաբաղը ստացավ որպես մեծ նվեր Ստալինի կողմից: 65 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղն ինքնավարություն ուներ, բնակչության բացարձակ մեծամասնությունը հայեր էին: 65 տարի հետո ինչպե՞ս կարող էր Ադրբեջանը չունենալ Լեռնային Ղարաբաղի բնակչության վստահությունը: Այս բառը՝ վստահություն, շատ կարևոր է: Սա պատճառներից մեկն է, թե ինչու 1991 թվականին ԼՂ բնակչությունը որոշեց Խորհրդային Միության փլուզման ժամանակ քվեարկել բոլոր օրենքներին համապատասխան անցկացված հանրաքվեին և կողմ արտահայտվել անկախությանը: Բացակայում էր վստահությունը: Նրանք չէին վստահում Ադրբեջանին որպես մի երկիր, որտեղ կարող էին բնակվել, քանի որ անգամ խորհրդային իշխանության ներքո Ադրբեջանն անում էր ամեն ինչ՝ հայերին ԼՂ-ից դուրս հանելու համար: Դպրոցներ էին փակվում: ԼՂ-ում շատ հայերի համար առաջին լեզուն ռուսերենն էր, տանը հայերեն էին խոսում, սակայն գնում էին ռուսական դպրոցներ, քանի որ չէին ցանկանում ադրբեջանական դպրոց հաճախել: Վստահությունը խախտված էր:

Ինչպե՞ս կարող ես մտածել, որ ԼՂ բնակչությունը կարող է վստահել Ադրբեջանին առաջին պատերազմից, այդքան մեծ թվով կյանքերի կորստից հետո: Սա անհնար եմ համարում:

Հարց- Ի՞նչն է ներկայիս պայմաններում ավելի կարևոր հայկական կառավարության համար՝ մարդկային կյա՞նքը, Ղարաբաղի կարգավիճա՞կը, թե՞ սահմանները:

– Չի կարելի բարդ քաղաքականությունը պարզեցնել, չի կարելի պարզեցնել մարդկային վարքագիծը: Ամեն ինչ կարևոր է, քանի որ ամեն ինչ փոխկապակցված է: Մարդկային կյանքն ամենամեծ առաջնահերթությունն է: Եթե իմ անձնական կարծիքն եք հարցնում, ապա ինձ համար մարդկային կյանքն ամենակարևորն է: Եթե մտածում ենք ԼՂ խնդիրը կամ ցանկացած խնդիր կարգավորելու մասին, ապա կարծում եմ, որ լուծման առանցքում պետք է դնել մարդկային կյանքը: Եվ կարևոր չեն տարիքը, ռասսան, մաշկի գույնը կամ կրոնը: Մարդկային կյանքը բացարձակ արժեք է:

Իսկ ինչպե՞ս պետք է պաշտպանել այդ կյանքը: Դա արվում է հատուկ կառույցների կամ երաշխիքների միջոցով, որն այս դեպքում կարող է լինել կարգավիճակը կամ պետությունը կամ սահմանին կանգնած զինվորը: Այս ամենը փոխկապակցված է: Ի վերջո, ամենակարևորը մարդկային կյանքն է:

Հարց- Միևնույն ժամանակ, երբ խոսում էի իմ գործընկերների հետ, ովքեր աշխատում են այնտեղ, նրանք ինձ ասացին, որ այնտեղ ասես դժոխք լինի, քաղաքները ռմբակոծվում են: Ոմանք ասում են, որ կարծես թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ընդհանրապես պատրաստված չի եղել:

– Պատրաստված չի եղել ինչի՞ն:

Լրագրող- Նման իրավիճակի, երբ քաղաքներ են ավերվում:

Իհարկե, միշտ կառավարությունները քննադատվում են: Միշտ լինում է մի բան, որի համար զղջում ես: Սակայն բոլորս այստեղ պետք է ափսոսանք միայն մի բանի համար՝ պատերազմի սկսվելու: Իսկ այդ որոշումը չեն կայացրել ԼՂ բնակությունը կամ իշխանությունները կամ Հայաստանի իշխանությունները: Այդ որոշումը կայացրել է Ադրբեջանը, նրա՛նք են սկսել 2 շաբաթ առաջ այս պատերազմը, և նրանք պետք է բարոյական պատասխանատվություն կրեն սրա համար:

Լրագրող- Սակայն դա չի նշանակում, որ հնարավոր չէր կանխատեսել այս ամենը:

– Այո, իհարկե: Պատերազմը Ղարաբաղում երբեք չի ավարտվել՝ անգամ 1994 թվականի զինադադարից հետո: Մենք բոլորս չենք հաջողել, դիվանագիտորեն ասած, մնալ բանակցությունների և երկխոսության ճանապարհի վրա: ԼՂ-ի դեպքում եթե նրանց հարցնեք, թե ո՞րն է նրանց համար հաղթանակը, կասեն, որ հաղթանակը սեփական հայրենիքը, տունն ու ընտանիքներին պաշտպանելն է: Եթե հարցնեք ադրբեջանցիներին, ապա նրանց նպատակը ԼՂ-ն առանց հայերի ստանալն է: Ժամանակակից աշխարհում սա անվանում են էթնիկ զտում: Անգամ եթե հաջողության հասնեք էթնիկ զտման հարցում, այս մարդկային պատերազմը երբեք չի ավարտվի: Գուցե ֆիզիկական պատերազմ չլինի, գուցե վերահսկողություն հաստատվի տարածքի նկատմամբ, սակայն մարդկային, բարոյական կռիվը կշարունակվի: Դրա վառ ապացույցը Հայոց ցեղասպանությունն է, որը տեղի է ունեցել 105 տարի առաջ: 1.5 մլն մարդ ոչնչացվեց: Արդյո՞ք այդ ամենն ավարտվեց: Ոչ: Բազմաթիվ երկրներ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը, այդ թվում՝ նաև ՌԴ-ն: Բազմաթիվ երկրներ դատապարտում են Թուրքիային: Շատ երկրներ, նայելով, թե ինչ է տեղի ունենում Լեռնային Ղարաբաղում, այդ թվում և՝ սփյուռքում բնակվող միլիոնավոր հայեր, Թուրքիայի ներգրավվածությամբ Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում համարում են մեկ այլ ցեղասպանության, էթնիկ զտման փորձ:

Ո՞վ կարող է Լեռնային Ղարաբաղում հայերից տարածք պահանջել: Այս մարդիկ այստեղ են բնակվում արդեն հազարավոր տարիներ:

Հարց- Համաձա՞յն եք, որ օդային պաշտպանության համակարգը կատարյալ ձախողման է ենթարկվել: Քանի որ հանրապետությունն ավերված է: Իհարկե, հասկանում եմ, որ Դուք պաշտպանության նախարար չեք: Մյուս հարցը՝ ո՞րն է Հայաստանի կառավարության վերջնական նպատակը, երբ այս ամենն ավարտվի:

– Ինչպես ինքներդ նշեցիք, ես պաշտպանության նախարար չեմ, ներգրավված չեմ այս կամ այն պաշտպանական համակարգի աշխատանքի մեջ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ուներ այն ռազմական տեխնիկան, որն ուներ: Մեր նոր աշխարհում շատ ռազմական սարքեր, տեխնոլոգիաներ, զենքեր կապված են ֆինանսների հետ: Եկեք խնդրին նայենք այլ տեսանկյունից:

Երբ Թուրքիան ներգրավվեց այս հակամարտության մեջ, իսկ այդ երկիրը մշտապես խորհրդատվություն է տվել Ադրբեջանին, այս անգամ օգնությունը բացեիբաց էր: Եվ դա կարող եք տեսնել նրանց քաղաքական հայտարարություններում, նախագահի, արտգործնախարարի բառապաշարում, ռազմական անձնակազմի ներկայության մեջ: Թուրքիան իսլամիստ ահաբեկիչ զինյալների է բերել Ադրբեջան, և դա այժմ միջազգայնորեն ճանաչված փաստ է շատերի, այդ թվում և՝ ՌԴ-ի կողմից:

Որպես արդարացում՝ թուրքերն ասում են, թե ադրբեջանցիներն իրենց էթնիկ եղբայրներն են, սակայն սա չի գործում նոր աշխարհում, քանի որ էթնիկ եղբայրներ կան Կենտրոնական Ասիայում, Մոնղոլիայում, Չինաստանում, սա նշանակում է, որ պետք է ամեն անգամ միջամտի՞, երբ ինչ-որ խնդիր ծագի: Երբ նայում եմ ժամանակակից Թուրքիային, այդ երկիրը 360 աստիճանով խնդիրներ ունի՝ Եգիպտոսի հետ, ներգրավված է Լիբիայում, նրանք «տարածքային ամբողջականության» հարցում օգնում են Ադրբեջանին, բայց, միևնույն ժամանակ, խախտում են Իրաքի, Սիրիայի սահմանները, փորձում են ներկայություն ունենալ Լիբանանում, Ծոցի երկրներում, խնդիրներ են առաջացնում Միջերկրական ծովի արևելքում, իսկ հիմա արդեն Կովկասում են:

Երկրորդը՝ նրանք խոսում են PKK զինյալների մասին, ինչը բացարձակ անհեթեթություն է: Երրորդը, խոսում են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի մասին՝ ասելով, թե հայերը կարող են հարվածել դրան, ուստի մենք այստեղ ենք պաշտպանելու համար: Իսկ որտե՞ղ է տրամաբանությունը: Եթե հայերն ուզեին հարվածել խողովակաշարին, կանեին դա 20 տարի առաջ, երբ այն դեռ նոր էր կառուցվում: Եթե այդ ժամանակ հարվածեին, այն առհասարակ չէր լինի, սակայն հայերը դա չեն արել: Անգամ մեկ փամփուշտ չի արձակվել: Հայերը թույլ են տվել Ադրբեջանին կառուցել խողովակաշար, վաճառել նավթ և գազ, այդ թվում և՝ Կենտրոնական Ասիայից, վաստակել միլիարդավոր դոլարներ և այդ գումարներն օգտագործելով գնել զենք, որը ԼՂ-ում օգտագործում են հայերի դեմ:

Հարց- Գումար և թուրքական աջակցությո՞ւն:

– Այո, գումարի և թուրքական աջակցության միջոցով կարող ես հաղթահարել ցանկացած ժամանակակից պաշտպանական համակարգ, որն ուներ ԼՂ-ն: Երբ հարցնում եք՝ ինչպե՞ս, պատասխանը հետևյալն է՝ որովհետև ԼՂ-ն չունի նավթ, ինչպե՞ս, որովհետև հայերն այս մոլորակի ճիշտ քաղաքացիներ են, նրանք չեն հրետակոծում խողովակաշարը՝ թույլ չտալով ադրբեջանցիներին գումար աշխատել:

Հարց- Իսկ ո՞րն է Հայաստանի կառավարության վերջնական նպատակը:

– Վերջնական նպատակն է դադարեցնել պատերազմը, վերադառնալ բանակցային սեղան, գնալ ճիշտ ուղղությամբ. այն է՝ ԼՂ կարգավորմանը և վերջնական կարգավիճակի համար նորմալ բանակցություններին այլընտրանք չկա: Բանակցային գործընթացը միայն վերջնական կարգավիճակը չէ, կարևոր է, որ բանակցությունների ժամանակ մարդիկ աստիճանաբար, դժվարությամբ, երբեմն չուզելով վստահություն կառուցեն:

Հարց – Սակայն ո՞րն է իրատեսական պատկերը: Հասկանում ենք, որ այս պահին հնարավոր չի լինելու վերադառնալ այն ստատուս քվոյին, որը գոյություն ուներ:

– Կարծում եմ՝ այսօր դեռևս շատ վաղ է խոսել, թե ինչ տեղի ունենա, եթե այսօր ի վիճակի չլինենք լուծել խնդիրը: Իսկ խնդիրը հրադադարի հաստատումն է:

Բանակցությունների վերջին 20 տարիների ընթացքում շատ տարբերություններ են կարգավորվել, վստահեք ինձ: Իհարկե, կան մի շարք խնդիրներ, որոնք չեն կարգավորվել, կան հարցեր, որոնք պահանջում են քաղաքական խիզախություն և որոշում: Սակայն երբ խոսում եք նման ծավալի հակամարտության մասին, այնքան մանրուքներ կան, որոնք փոքր են թվում, սակայն պետք է դրանց շուրջ բանակցել: Այդ ամենն արվել էր, սակայն հիմա դա խախտվել է: Եվ այնուամենայնիվ, չկա այլ ուղի, քան սկսելը կրկին բանակցել: Մեզ համար դա շատ կարևոր է:

ԼՂ ժողովուրդը և հանրապետությունն այլ լուծում չեն տեսնում, քան այն, որ հայերն ազատորեն բնակվեն իրենց հայրենիքում՝ արժանապատվորեն: Յուրաքանչյուր հայի համար կարևոր է, որպեսզի բացառվի մեկ այլ էթնիկ զտման և ցեղասպանության վտանգը: Իսկ ինչ կլինի արդյունքը, ես զերծ կմնամ կանխատեսումներ անելուց: Քանի որ դա ավելի շատ նման կլինի սպեկուլյացիայի:

Իմ խոսքը հետևյալն է՝ ժամանակն է դադարեցնել պատերազմը: Երբ նայում ես Ստեփանակերտին, թվում է, թե այն քաղաք է Երկրորդ աշխարհամարտից հետո: Այս քաղաքն առաջին պատերազմից հետո մեծ սիրով վերակառուցվել էր, իսկ այժմ ամբողջությամբ ավերվել է:

Շուշիում կա Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որը կառուցվել է 19-րդ դարում: Գրեթե նույն ժամանակահատվածում Շուշիում կառուցվել է նաև մզկիթ: Արցախյան առաջին պատերազմից հետո երկուսն էլ ավերվել էին: ԼՂ կառավարությունն արտերկրի հայերի և որոշ ոչ հայ բարեկամների, այդ թվում նաև՝ մուսուլմանների նվիրատվություններով եկեղեցին ու մզկիթը վերակառուցվել են: Սա հայկական մոտեցումն է: Այս պատերազմի ժամանակ ադրբեջանցիները թիրախավորեցին եկեղեցին, իսկ գիտե՞ք՝ ովքեր էին ներսում՝ ոչ թե զենք, այլ կանայք և երեխաներ, լրագրողներ, այդ թվում և՝ ռուս: Նրանք վիրավորվել են:

Հարց- Ուզում եմ հարցնել Մոսկվայի բանակցությունների հիմնական շարժառիթի մասին՝ խուսափել հումանիտար աղետից: Ի՞նչ է արվել: Ամենադժվար մասը փախստականներն են և կորուստները: Ի՞նչ թվեր կան այստեղ: Արդյո՞ք ամենախոցելի մարդիկ այժմ անվտանգ տեղերում են:

– Հումանիտարն այստեղ մի քանի շերտ ունի: Նախ՝ կռիվն առաջնագծում դադարեցնել է ՝ թույլ տալով միջազգային կազմակերպություններին, ինչպիսին է Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը, օգնել տարածքից հանելու վիրավորներին, զոհերի դիակները և այլն: Շատերը կորցրել են ընկերներին, բարեկամներին: Մենք մեծ թվով փախստականներ ունենք Լեռնային Ղարաբաղից: Որպես երկրի նախագահ՝ հպարտ եմ ասել, որ պատերազմի առաջին օրերից կար համազգային համախմբվածություն:

Պատերազմի առաջին օրերից սկսած՝ ազգային միասնականություն կա: Որպես այդ ամենի օրինակ՝ կարող եմ նշել, թե ինչպես են մարդիկ ինքնակազմակերպվել՝ Արցախից եկած փախստականների համար հոգ տանելու համար: Նույնիսկ մինչև կառավարությունը սկսել էր համապատասխան քայլեր ձեռնարկել, հազարավոր կամավորներ նրանց աջակցում և հոգ էին տանում:

Հարց- Ունե՞ք արդյոք վերջին տվյալներ կամ գոնե հնարավոր գնահատականներ:

– Խոսքը հազարավոր մարդկանց մասին է:

Հարց- Անդրադառնանք Ռուսաստանի դերին: Որպես Երևանի դաշնակից՝ Ռուսաստանը բավարար քայլեր կատարե՞լ է:

-Երբ խոսում եմ Կովկասում Ռուսաստանի վարած քաղաքականության մասին՝ հենվում եմ մի քանի կարևոր սկզբունքների վրա: Դրանցից մեկը վերջերս նշել է նախագահ Պուտինը : Նա հստակորեն ասել է, որ Ռուսաստանը հարաբերություններ ունի Հայաստանի հետ, կան ստորագրված պայմանագրեր՝ և՛ քաղաքական, և՛ ռազմական ոլորտներում, Հայաստանը նաև ՀԱՊԿ մաս է կազմում: Նախագահ Պուտինը հստակ նշել է, որ հավատարիմ կմնան յուրաքանչյուր պայմանագրի դրույթներին: Կարծում եմ՝ սա կարևոր է Կովկասում Ռուսաստանի վարած քաղաքականության տեսանկյունից: Ես դա ողջունում եմ, որովհետև սա ցույց է տալիս, որ Ռուսաստանը վստահելի գործընկեր է: Ռուսաստանը նաև լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ: Եվ այս հարաբերությունները հավասարակշռված են: Կարծում եմ, որ դրանք այնքան շատ են հավասարակշռված, որ երկու կողմերը կարող են Ռուսաստանին վստահել որպես միջնորդի: Այդ վստահության և պատասխանատվության շնորհիվ են կողմերը հավաքվել մեկ հարկի տակ և սկսել խոսել: Հույս ունեմ, որ վերջնական հրադադար կհաստատվի, և դրա հիման վրա կշարունակենք առաջ գնալ: Ռուսաստանի դերը շատ կարևոր է:

Իհարկե, կարևոր է, որ կա ԵԱՀԿ Մինսկի խմբի հարթակը, և համանախագահող երկրների նախագահները՝ Դոնալդ Թրամփը, Էմանուել Մակրոնը և Վլադիմիր Պուտինը, դիմել են կողմերին: Նախագահ Թրամփը հիմա զբաղված է ընտրություններով, նախագահ Մակրոնը, ներկայացնելով Եվրոպան, ակտիվորեն ներգրավված է, և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան: Եվ, իհարկե, Ռուսաստանի դերն այս հարցում առանձնահատուկ է:

Հարց- Այդուհանդերձ, պետք է, որ լսած լինեք Թուրքիայի նախագահի կողմից արված ծայրահեղ տարբեր գնահատականներն այն մասին, թե Մինսկի խմբի տասնամյակների ջանքերն անօգուտ են։ Ինչպե՞ս կարձագանքեք։ Ի դեպ, նա սա ասել է անմիջապես այն բանից հետո, երբ հրապարակվեց նախագահներ Մակրոնի, Թրամփի և Պուտինի հայտարարությունը։

– Առաջին հերթին դա ցույց է տալիս, որ այդ երկիրը խորապես չի հասկանում ամբողջ խաղաղ գործընթացը։ Ցավոք, դա ցույց է տալիս նաև նրա վերաբերմունքը միջազգային խնդրահարույց հարցերը լուծելուն։ Դա նաև ցույց է տալիս, որ Թուրքիայի նպատակները այս տարածաշրջանում, ներառյալ Ադրբեջանում, բոլորովին ուրիշ են։ Նրանք նպատակ չունեն կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, իրենց օրակարգում այլ բան ունեն։ Այս հարցում Թուրքիայի ներգրավվածության իրական նպատակը ոչ միայն Լեռնային Ղարաբաղն է և հայերին դաս տալն ու հիշեցնելը, որ երբեք չի ճանաչի ցեղասպանությունը, այլ նաև՝ ուժեղ ներկայություն ունենալն Ադրբեջանում։

Հարց- Պարոն նախագահ, ի՞նչն է Ձեզ ստիպում պնդել, որ սիրիացի վարձկանները կռվում են ադրբեջանական զորքերի շարքերում այս տարածաշրջանում։ Ձեր վերաբերյալ նույնպես՝ PKK զինյալների մասին են ասում։ Բացառու՞մ եք քուրդ ուժերի ներկայությունն այստեղ։

– Դա բացարձակ անհեթեթություն է։ Դուք լրագրող եք, և եթե որևէ մեկին գտնեք կամ գոնե հետքը գտնեք, ինձ զանգեք, խնդրում եմ։ Այո, կան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի քուրդ և եզդի քաղաքացիներ։ Նրանք այդ երկրների քաղաքացիներ են և կռվում են ճիշտ այնպես, ինչպես այդ երկրի յուրաքանչյուր քաղաքացի։ Որևէ քուրդ մարտիկի չեք կարող գտնել հայկական կողմում։ Հայերը կարող են պաշտպանել իրենց հայրենիքը։ Մեր ուղերձն է՝ մենք չենք ցանկանում, որ որևէ մեկը ներգրավվի։ Մենք չենք ցանկանում իրադրությունը բարդացնել։ Ցանկանում ենք մի բանի բացառում, որը Թուրքիայի գործոնն է։ Եթե Թուրքիան դուրս գա, կարող եմ վստահեցնել, որ հրադադարը կայուն կլինի և երկար ժամանակ կպահպանվի։ Այն պահին, երբ Ադրբեջանը պատերազմ սկսեց՝ հրետակոծելով և օգտագործելով բոլոր հնարավոր ժամանակակից սարքերը պետք է սպասեր, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը փոխադարձ պատասխանելու և կռվելու է, քանի որ նա կռվում է իր կյանքի համար, այլ ոչ թե մի կտոր հողի։ Նա կռվում է ապրելու, իր կյանքի, հայրենիքի, արժանապատվության համար։

Հարց-Պարոն նախագահ, Թուրքիայի այդ ողջ աջակցությամբ (գումարի, ժամանակակից զինտեխնիկայի) հանդերձ՝ ինչու՞ պետք է Թուրքիան կամ Ադրբեջանը ցանկանային ներգրավել սիրիացի իսլամիստներին այստեղ։

– Հարցրեք իրենց։ Ես չգիտեմ։

Հարց- Սակայն Դուք վստա՞հ եք, որ նրանք այստեղ են։

– Ոչ միայն ես եմ վստահ։ Պարոն Նարիշկինը ևս հայտարարել է դրա մասին, և նա միակը չէ, որ ասել է դրա մասին։ Մենք շատ ապացույցներ ունենք։ Ես չեմ ցանկանում հիմա դա Ձեզ ապացուցել, դա արդեն իսկ ապացուցված է։ Հարցրեք պարոն Էրդողանին կամ պարոն Ալիևին, թե ինչու են այդ մարդկանց տարել այնտեղ։

Հարց -Իրատեսականորեն հնարավորությու՞ն կա, որ հիմա խաղաղապահ առաքելությունը կարող է օգնել և իրականացվել, և ո՞վ կարող է դա անել։

-Որպես նախագահ՝ բաց եմ ցանկացած գաղափարի համար։ Այս հարցում սահմանափակումներ չկան։ Խաղաղապահներ կլինեն, եթե երկու կողմերը համաձայնեն։ Նրանք չեն կարող մեկ կողմում լինել։

Հարց- Դուք համաձա՞յն եք։

– Դա կախված է նրանից, թե ինչպես կընթանան խաղաղ բանակցությունները։ Կարծում եմ, որ ամեն ինչ սեղանին է, և եթե մենք հրադադար ունենանք և վերադառնանք բանակցությունների սեղան, կարող է ամեն ինչ քննարկվել՝ խաղաղապահների, մանդատի, խնդիրների, ժամանակացույցի, ամեն ինչի մասին։ Վաղաժամ է ասել՝ այս կամ այն բանն ընդունելի է, թե ոչ։ Կարող եմ օրինակ բերել։ Երբ Լեռնային Ղարաբաղը հայտարարեց իր անկախության մասին, այդ ժամանակ Խորհրդային Միության մաս էր կազմում։ Հետո Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը հայտնեց, որ պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն և, հնարավոր է նաև, Հայաստանի մաս։ Սակայն ավելի ուշ Հայաստանի ղեկավարությունը խոհեմորեն դադարեցրեց այս գործընթացը։ Ինչու՞։ Որովհետև դա այնքան պարզ էր։ Նրանք ձեր եղբայրներն են։ Ինչու՞ Հայաստանը չճանաչեց այս բոլոր տարիներին։ Շատ պարզ պատճառով։ Հայաստանում հասկանում են, որ ճանաչելով՝ մեկ այլ բարդություն կառաջանա խաղաղ գործընթացի համար։

Հարց- Դատելով այն ամենից՝ ինչ ասացիք, Դուք զգու՞մ եք, որ Ռուսաստանի ու Հայաստանի հարաբերություններն ավելի են սերտացել այս վերջին բռնկումից հետո։ Կհամաձայնե՞ք այդ մտքի հետ։

-Մեր մտերմությունը չի կարող մեկնաբանվել այսօրվա քաղաքականությունից ելնելով, հայտարարությունների մակարդակով կամ վերաբերմունքով, որոշումներով, խմբերով, կուսակցություններով։ Մեր հարաբերությունները եղել են, կան և, համոզված եմ, լինելու են շատ խորը։ Շատ ավելի խորը, քան քաղաքական իրադարձությունները։ Այս հարցին պատասխանելու համար կրկին նույն բառը կօգտագործեմ, որը մի քանի անգամ արդեն իսկ հնչեցրել եմ՝ վստահություն։ Սա վստահություն է, որը գալիս է դարերով։

Հարց-Դա չի՞ փոխվի ապագայում և հատկապես մոտ ապագայում։

-Վստահությունը և բարեկամությունը մի բան են, որի մասին պետք է հոգ տանես ամեն օր։ Կարծում եմ, որ դա նման է գեղեցիկ բույսի կամ ծառի, և եթե այն չջրես, չխնամես, ծաղիկներ և պտուղներ չես ստանա։ Պետք է խնամես, հոգ տանես դրա մասին ամեն օր, նույնիսկ եթե այն խորն է։

-Պարոն նախագահ, շնորհակալություն վստահության համար։ Եկեք շարունակենք այն պահպանել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս