Բաժիններ՝

Արցախում 24.000 երեխա զրկված է կրթության իրավունքից

Արցախա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից Թուրքիայի գործուն աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության ավելի քան 24 հազար երեխա զրկվել է կրթության իրավունքն իրացնելու հնարավորությունից՝ դպրոց հաճախելուց:

Չնայած ստանձնած միջազգային պարտավորություններին՝ Ադրբեջանը շարունակում է միջազգային իրավունքի նորմերով արգելված զինատեսակներից հրետակոծել անգամ կրթական հաստատությունները: Ռազմական ագրեսիայի հետևանքով վնասվել են 10-ից ավելի դպրոցների, ինչպես նաև մի շարք մանկապատեզների շենքներն ու օժանդակ շինությունները: Ադրբեջանական ագրեսիայի պատճառով հազարավոր երեխաներ զրկված են նաև մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից,  երիտասարդները չեն շարունակում կրթությունը բուհերում:

Հիշեցնենք, որ, արձագանքելով նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ա.Հարությունյանի նամակներին, ՅՈՒՆԵՍԿՕ-ն խորը մտահոգություն էր հայտնել ԼՂ հակամարտության գոտում բռնությունների շարունակվող սրման կապակցությամբ, ինչը հանգեցնում է քաղաքացիական զոհերի աճի և վնաս հասցնում քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում` դպրոցներին, մշակութային և կրոնական վայրերին:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ էր արել նաև զերծ մնալ երեխաների, ուսուցիչների, կրթական անձնակազմի կամ դպրոցների վրա ցանկացած հարձակումից կամ վնաս հասցնելուց՝ ապահովել կրթության իրավունքը «Անվտանգ դպրոցների հռչակագրի» սկզբունքների հիման վրա և դրա ուղեցույցներին համահունչ: Նշված փաստաթղթերը սահմանափակում են դպրոցների և համալսարանների օգտագործումը ռազմական նպատակներով և հորդորում ուժեղացնել կրթության պաշտպանությունը հարձակումներից, ինչպես նաև ապահովել անվտանգ կրթության շարունակականությունը զինված ընդհարումների ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս