Լեռնային Ղարաբաղում կոնֆլիկտը կարող է կարգավորվել խաղաղապահների տեղակայմամբ․ Դմիտրիյ Նովիկով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լեռնային Ղարաբաղում կոնֆլիկտը կարող է կարգավորվել խաղաղապահների տեղակայմամբ, ընդ որում՝ չկա անհրաժեշտություն տեղակայել նրանց այլ երկրներից, բացի Ռուսաստանի Դաշնությունից կամ ՀԱՊԿ անդամ մյուս երկրներից:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ՌԴ Պետական Դումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Դմիտրիյ Նովիկովը: «Կոնֆլիկտի կողմ հանդիսացող երկրների կամքի պարագայում, ես կարծում եմ, որ չկա անհրաժեշտություն, բացի Ռուսաստանի Դաշնությունից կամ ՀԱՊԿ անդամ այլ երկրներից, ներգրավել խաղաղապահների»,- նկատեց նա:
Նովիկովն ընդգծում է, որ Ռուսաստանի Դաշնությունը շատ է հետաքրքրված, որպեսզի Կովկասում կոնֆլիկտը լուծվի, չնայած իր խաղաղապահ ծառայությունը դեռ չի առաջարկել:
Հիշեցնենք, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են, որ, հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած, հաստատվում է մարդասիրական նպատակով կրակի դադարեցման մասին ռազմագերիների եւ այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ եւ չափորոշիչներին համապատասխան, սակայն այն այդպես էլ չի պահպանվում»: