«Տրամաբանորեն Իրանը քրիստոնյա Հայաստանի հետ պատերազմում պետք է աջակցեր մուսուլմանական Ադրբեջանին, սակայն իրականությունը շատ ավելի բարդ է»․ DAWN
Պատերազմն աշխարհաքաղաքական գինարբուք է՝ դաշինքների, առաջարկների և մերժումների, ոչ այնքան գաղտնի ժամադրությունների և ցնցումների թնջուկ, գրում է DAWN թերթը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, այդ հակամարտությունում տարբեր երկների ներգրավվածությանն ու քաղաքական շահերին։
Հոդվածագրի խոսքով՝ ԼՂ հակամարտությունում Թուրքիան մնում է Ադրբեջանի ամենաակտիվ կողմնակիցը և նրան ցուցաբերում է ոչ միայն դիվանագիտական, այլև ռազմական օգնություն, իսկ «տարածաշրջանային մյուս դաշինքները խճճված սարդոստայն են հիշեցնում»։
«Օրինակ՝ Իրանը. տրամաբանությունը թելադրում է, որ այդ պետությունը քրիստոնեական Հայաստանի հետ հակամարտությունում պետք է աջակցեր Ադրբեջանին՝ շիա մեծամասնությամբ պետությանը, բայց իրականությունն ավելի բարդ լինելու միտում ունի։ Իրանը հիացած չէ իր հյուսիսային սահմանին Թուրքիայի դիրքերն ամրացնելու գաղափարով, և նա ներքին խնդիրներ ունի՝ կապված հենց Իրանում ադրբեջանցիների ազգայնականության աճի հետ. երկրում ապրում է շուրջ 12 մլն ադրբեջանցի։ Թեև այդ համայնքը հիմնականում ինտեգրված է, վերջին տարիներին նրանց շրջանում քաղաքացիական անկարգությունների նշաններ են նկատվում: Այդ ազգայնականությունը վերջին տարիներին ուժգնացել է Ադրբեջանում իրենց գործընկերների հետ շփումների ուժեղացմամբ»,- գրում է հոդվածագիրը։
Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը Թուրքիայի ակտիվ մասնակցությանը՝ հոդվածագիրը նշում է, որ Էրդողանի համար, որի քաղաքականության հիմքում ընկած է ազգայնական քարոզչությունը և որն ակտիվորեն խաղարկում է պանթյուրքական քարտեզը, ԼՂ-ում ընթացող պատերազմը «ազգայնական պատկերասրահում» խաղալու հիանալի միջոց է, ինչպես նաև ուշադրությունն աճող տնտեսական, Մերձավոր Արևելքում և Միջերկրական ծովի արևելյան հատվածում ունեցած խնդիրներից շեղելու փորձ։
«Թեև Իրանը վերջին շրջանում ամեն կերպ փորձում է ընդգծել իր չեզոքությունը և փարատել այն կասկածները, որ աջակցում է Հայաստանին, փաստն այն է, որ նա հակած է աջակցել Հայաստանին մի կարևոր պատճառով և այդ պատճառը Իսրայելն է»,- ընդգծում է հոդածագիրը։
Հոդվածագրի խոսքով՝ նախորդ տարիներին Թել Ավիվը քրտնաջան հարաբերություններ էր կառուցում Ադրբեջանի հետ՝ իրանական սահմանին դիտորդական կայան ստեղծելու նպատակով։ Իսրայելը նաև մեծ քանակությամբ զենք է վաճառում Ադրբեջանին, որը Իսրայելի համար նավթի հիմնական աղբյուրն է։
«Իհարկե, Պարսից ծոցի երկրների հետ Իսրայելի հարաբերությունների աճին զուգընթաց միանգամայն հավանական է, որ ադրբեջանական դաշինքի արժեքը կնվազի։ Պարսից ծոցի մասին խոսելիս պետք է նշել, որ ԱՄԷ-ն նույնպես ձգտում է հնարավորինս շատ անհարմարություններ պատճառել Թուրքիային և այդպիսով ամրապնդում է իր տնտեսական և ռազմական համագործակցությունը Հայաստանի հետ»,- եզրափակում է հոդվածագիրը։