«Վստահ եղեք, որևէ արտաքին գործոն չի կարող պատճառ լինել». Ալեն Սիմոնյանը՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնանկության մասին
«Ես չեմ կարող հիմա դա մեկնաբանել, ես կարող եմ ասել միայն այն, որ այս պահին քննություն է ընթանում։ Վստահեցնում եմ՝ շուտով մենք կիմանանք շատ հստակ անուններ, հստակ գործողություններ կտեսնենք, և ենթադրում եմ, որ այդ առումով տեղեկատվություն կլինի դաշտում։ Դրանից զատ, մեր համաքաղաքացիները հոյակապ գիտեն՝ ինչի ու ում մասին է խոսքը»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով դավաճանների մասին վարչապետի գրառմանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին վարչապետն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ մի քանի օր առաջ ահազանգ է ստացել, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել, կռվող զինվորներին համոզել են, թե՝ «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերևա, դիրքերը պահելը իմաստ չունի»:
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ ԲՀԿ-ի և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների հետ ունենալով խորագույն խնդիրներ, կա գիտակցություն, և այսօրվա քննարկումները ցույց են տալիս, որ միասնականություն կա։ Սակայն կան մարդիկ, որոնք փորձել են և փորձելու են նման քայլեր անել։
Անդրադառնալով ԱԱԾ նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանին պաշտոնից հեռացնելուն՝ Ալեն Սիմոնյանն ասաց, որ չի կարող պատասխանել հարցին, թե ինչու հեռացրեցին նրան։
«Կարող եմ միայն ասել, որ վստահ եղեք, որևէ արտաքին գործոն չի կարող պատճառ լինել։ Ես չեմ կարող ԱԱԾ տնօրենից գոհ կամ դժգոհ լինել, քանի որ նա ուղիղ ենթակայության տակ է ՀՀ վարչապետին, ուստի իմ կողմից մեկնաբանությունը տեղին չեմ համարում»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը։
Հարցին՝ Ա. Քյարամյանին պաշտոնից հեռացնելը որևէ կապ ունի՞ վարչապետի գրառման հետ, Ալեն Սիմոնյանը պաատսխանեց, որ որևէ բան չի կարող ասել, քանի որ որոշում կայացնողը վարչապետն է։