Մանկական «Նոր ալիք» մրցույթում Հայաստանի ներկայացուցիչները զբաղեցրել են 3-րդ և 5-րդ հորիզոնականները
Մանկական «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթում 2020-ին Հայաստանը ներկայացրել են արցախցի Անի Պետրոսյանն ու ռուսաստանաբնակ երգչուհի Էլեն Բադալյանը: Անին զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, իսկ Էլենը՝ 3-րդ:
Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ին Ղրիմում:
Մեզ հետ զրույցում Անի Պետրոսյանի պրոդյուսեր, «Արցախի ձայներ» երաժշտական նախագծի գեղարվեստական ղեկավար Լիրա Քոչարյանը նշեց, որ Անին հրաշալի ելույթ է ունեցել հոկտեմբերի 7-ին՝ կատարելով Dance Monkey երգը. հոկտեմբերի 8-ի ելույթը նույնպես հաջող է եղել: «Մենք մի քանի երգ էինք առաջարկել, սակայն մրցույթի պրոդյուսերները շատ հավանեցին Միշայի «Մամա» երգը, որն էլ մրցութային երկրորդ օրը կատարեց Անին»,-ասաց Քոչարյանը:
Նա ուրախալի համարեց այն փաստը, որ մրցույթում երրորդ տեղն է զբաղեցրել մոսկվայաբնակ Էլեն Բադալյանը:
Լիրա Քոչարյանի խոսքով՝ աշխարհի բոլոր երեխաները պետք է ստեղծագործեն, այլ ոչ թե պատսպարվեն թաքստոցներում կամ կասետային ռումբերի զոհ դառնան: