Երևանում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ:

Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ սա վարչապետի պաշտոնում պարոն Միշուստինի առաջին այցն է Երևան և ցավով նշել, որ այն տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմական գործողությունների պայմաններում: ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ առաջիկայում ՌԴ վարչապետը մեր երկիր կայցելի արդեն այլ պայմաններում և մթնոլորտում:

Հանդիպման սկզբում երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով ռազմական գործողությունների դադարեցման կարևորությունը:

Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինն անդրադարձել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցերի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը և արդյունաբերությունը:

Վարչապետներն ընդգծել են համատեղ հեռանկարային ծրագրերի իրականացման և Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցության ամրապնդման կարևորությունը: Զրուցակիցներն անդրադարձել են կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ քայլերին:

Տեսանյութեր

Լրահոս