«Մտահոգիչ է տեղեկատվության և խոսքի ազատության իրավունքների սահմանափակմանն ուղղված իշխող ուժի վարած քաղաքականությունը»

Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում են ընդգրկված ռազմական դրության իրավական ռեժիմի եւ ռազմական դրության գործողության ընթացքում սահմանված միջոցառումների եւ սահմանափակումների խախտման համար քրեական եւ վարչական պատասխանատվության միջոցներ նախատեսող օրենքների նախագծեր։

Հաշվի առնելով, որ ռազմական դրության իրավական ռեժիմի խախտման համար թե՛ Քրեական, թե՛ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերը չեն նախատեսում պատասխանատվություն՝ նմանաբնույթ կարգավորումները կարելի է համարել օբյեկտիվ անհրաժեշտություն։

Այնուամենայնով, խնդրահարույց եմ համարում տեղեկատվության ազատության սահմանափակումները խախտելու համար սահմանվող պատասխանատվության վերաբերյալ կարգավորումները։

Մասնավորապես, նախագծերի փաթեթով ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման գործող կանոնները խախտելու համար սահմանվում է.

1. Վարչական պատասխանատվություն՝ ա) լրատվական գործունեություն ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂԻ կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման գործող կանոնները խախտելու համար՝ նախատեսելով 700.000-ից մինչեւ 1 մլն ՀՀ դրամ տուգանք,

բ) լրատվական գործունեություն ՉԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ անձանց կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման գործող կանոնները խախտելը կամ կարծիքի արտահայտման ազատության սահմանափակման կանոնները խախտելու համար՝ նախատեսելով 300.000-ից մինչեւ 700.000 ՀՀ դրամ տուգանք,

գ) վերոնշյալ տույժերի ենթարկվելուց հետո՝ անհապաղ, ռազմական դրության ընթացքում սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնների խախտմամբ տարածված հրապարակումը չվերացնելու համար՝ 1.5 մլն ՀՀ դրամ տուգանք։

2. Քրեական պատասխանատվություն՝ ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման գործող կանոնները խախտելու համար, եթե այդ արարքը վնաս է պատճառել պետության անվտանգության շահերին՝ նախատեսելով 2 մլն-ից մինչեւ 3 մլն ՀՀ դրամ տուգանք կամ մինչեւ երկու տարի ժամկետով ազատազրկում։

Այսինքն՝ համապատասխան արարքը քրեական կամ վարչական իրավախախտում որակելու տարբերակման հիմքում դրվելու է «պետության անվտանգության շահերին» վնասի պատճառումը, իսկ այդ հասկացությունը օրենսդրությամբ սահմանված չէ։
Տեսականորեն՝ ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման գործող կանոնների ցանկացած խախտումը կարող է որակվել որպես պետության անվտանգության շահերին վնաս պատճառող։

Հետեւաբար՝ այս պարագայում գործ ունենք իրավական որոշակիության սկզբունքի խախտման հետ, ինչն իրավակիրառ պրակտիկայում կարող է հանգեցնել էական կամայականությունների։

Բացի այդ, ԶԼՄ-ների համար սահմանված տուգանքների չափերը կարող է խնդրահարույց լինել համաչափության սկզբունքի տեսանկյունից։

Ամեն դեպքում, մտահոգիչ է տեղեկատվության եւ խոսքի ազատության իրավունքների սահմանափակմանն ուղղված իշխող ուժի վարած քաղաքականությունը, ինչին նաեւ ականատես եղանք նոր կորոնաաիրուս վարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ։

Ճիշտ է՝ Սահմանադրությունը տալիս է ռազմական եւ արտակարգ դրությունների ժամանակ մի շարք հիմնարար իրավունքների սահմանափակման հնարավորություն, բայց, միեւնույն ժամանակ, պարտավորեցնում է օրենսդրին դուրս չգալ իրավական որոշակիության, համաչափության եւ վերջապես ողջամտության սահմաններից»։

Այսօր հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում են ընդգրկված ռազմական դրության իրավական ռեժիմի եւ…

Gepostet von Gohar Meloyan am Donnerstag, 8. Oktober 2020

Տեսանյութեր

Լրահոս