«Իրանին բացարձակ ձեռնտու չէ, որ Ադրբեջանն ինչ-որ հաջողություն ունենա Արցախում». Ահարոն Վարդանյան

Իրանագետ Ահարոն Վարդանյանի կարծիքով՝ Իրանում խիստ անհանգստացած են Ադրբեջանի կողմից Արցախի դեմ պատերազմում ահաբեկիչների ներգրավման փաստից: «Իրանի համար շատ կարևոր է՝ թույլ չտալ ահաբեկչական խմբավորումների մուտքը երկիր: Իրանը տարածաշրջանում համարվում է ահաբեկչության դեմ պայքարի առաջամարտիկ:  Ստացվում է, որ Սիրիայում, Իրաքում նրանք պայքարում էին, որպեսզի ահաբեկչությունը չմոտենա իրենց սահմաններին, բայց Ադրբեջանի բռնապետական ռեժիմի և Էրդողանի ահաբեկչական ռեժիմի ձեռքով ահաբեկիչները հայտնվում են հենց Իրանի սահմանին: Սա Իրանի համար ազգային անվտանգության հարց է»,- 168TV «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Իրանագետի խոսքով՝ Իրանի հյուսիսային սահմանին ահաբեկիչներ տեղակայելով՝ Ադրբեջանը մի քանի նպատակ ունի. «Առաջին՝ ահաբեկիչները սուննիական ծայրահեղական խմբեր են, և եթե կրոնական ուղղվածություն են տալիս, ապա շիայականության դեմ են պայքարում, իսկ Իրանը համարվում է շիաների պահապան ամբողջ երկրում: Երկրորդ՝ Իրանի հետ սահմային հատվածում են գտնվում հատկապես թալիշները, և տեղակայելով այդ հատվածում՝ չեզոքացնում են թալիշների հարցը: Տեղեկություններ եղան, որ բախում է եղել ահաբեկիչների և թալիշների միջև: Երրորդ՝ Թուրքիայի կողմից տարվող քաղաքականությունը՝ թուրքերը փորձում են ահաբեկչությունն արտահանել Իրան և թուլացնել, քայքայել Իրանը: Հաջորդն այն է, որ այդ հատվածը դաշտային է, ահաբեկիչները սովոր են դաշտային մարտեր վարելու, չնայած վերջին դեպքերը ցույց տվեցին, որ դրան էլ սովոր չեն և կանոնավոր բանակի դեպքում ոչինչ են: Իրանի հյուսիսում կան նաև պանթուրքիստական խմբեր, և Ադրբեջանն ունի տարածքային նկրտումներ. Նրանք Իրանի հյուսիսային հատվածը կոչում են Հարավային Ադրբեջան: Նույնիսկ Բաքվի ազգային ակադեմիայում Հարավային Ադրբեջանի ուսումնասիրության կենտրոն ունեն: Աբսուրդի է հասնում, երբ նրանք Թավրիզը և այլն համարում են իրենց քաղաքներ, պանթուրքիստական կենտրոն և նպատակ ունեն Ստամբուլից մինչև Միջին Ասիայի խորքերը այդ թուրանական աղեղը ստեղծել: Ահաբեկիչներին տեղավորելով այդ հատվածներում՝ փորձում են իրենց տարածքային նկրտումներին հասնել և լուծել նաև այդ խնդիրը՝ օգտագործելով պանթուրքիստական որոշ խմբերի, որոնք կան Իրանում»:

Ահարոն Վարդանյանը նկատեց՝ Իրանին բացարձակ ձեռնտու չէ, որ Ադրբեջանն ինչ-որ հաջողություն ունենա Արցախում. «Իրանում հասկանում են, որ այդ հատվածի անվտանգությունն ապահովվում է բացառապես հայկական զինված ուժերի կողմից: Եվ, բնականաբար, Իրանի ազգային անվտանգության շահերից չի բխում Ադրբեջանի առաջխաղացումը, որովհետև այդտեղ կտեղակայվեն ահաբեկչական խմբավորումներ, պանթուրքիստական խմբեր, և այդտեղից կսկսվեն տարատեսակ հարձակումներ Իրանի սահմանին»:

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ է Իրանը նախագահի մակարդակով հայտարարում, որ պաշտպանում են Արդբեջանի տարածքային ամբողջականությունը, դեմ են տարածքային օկուպացիային, նա պատասխանեց. «Եթե նայենք Իրանի քարտեզին, ապա կհասկանանք, որ Իրանը այլ կերպ, քան նման տարածքային ամբողջականության վերաբերյալ հայտարարություններ, չի կարող անել: Իրանում կան նշածս պանթուրքիստական խմբերը, այլ անջատողական պոտենցիալ ունեցող ազգեր և ժողովուրդներ, և եթե Իրանը չնշի տարածքային ամբողջականության խնդիրը, հաջորդ օրը դա կարող է ուղղվել իր դեմ: Դրա համար նշում են տարածքային ամբողջականության խնդիրը: Բայց Ռուհանիի հայտարարություններում դիվանագիտական խաղ նկատեցի: Հայտարարության պարսկերեն տարբերակում ոչինչ չկար տարածքային ամբողջականության մասին, նշված էր, որ պետք է հակամարտությունը լուծվի բացառապես միջազգային սկզբունքների հիման վրա: Մենք ասում ենք, որ արցախյան հակամարտությունը պետք է լուծվի ինքնորոշման խնդրի հիման վրա, Ադրբեջանը՝ տարածքային ամբողջականության: Երբ Իրանի կողմից նշվում է, որ պետք է լուծվի տարածքային ամբողջականության և միջազգային սկզբունքների վրա, հարց է առաջանում, իսկ ո՞րն է միջազգային սկզբունքը. Բնականաբար, ազգերի ինքնորոշման խնդիր: Երկրորդ՝ ի՞նչ են հասկանում, երբ ասում են՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, արդյո՞ք Արցախն էլ հետը նկատի ունեն, թե՞: Քանի որ գիտենք՝ երբեք Արցախը չի եղել անկախ Ադրբեջանի մաս: Մեկ ուրիշ նրբություն էլ կա՝ գրեթե այդ ժամանակ է անկախացել նաև Թալիշստանը: Այսինքն՝ երբ նշում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բազմաթիվ հարցեր կան, թե ինչ նկատի ունեն՝ դա ասելով»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս