«Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում՝ Ղարաբաղի իրավիճակի հետ կապված, չի նախատեսվում». Պեսկով

ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը վստահեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի կարգավորման նպատակով շարունակում են գործադրվել դիվանագիտական ջանքեր: Այս մասին հաղորդում է tass.ru-ն:

«Սակայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև Լեռնային Ղարաբաղում իրավիճակի քննարկման համար եռակողմ հանդիպում չի նախատեսվում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նա նշել է, որ այս պահին այդպիսի հանդիպման մասին խոսք չի գնում:

Պեսկովը հավելել է, որ ցանկացած աղմուկ, որը կարող է նպաստել իրավիճակի կարգավորմանը և այն դուրս բերել ուղղակի զինված բախման գծից, կարող է միայն ողջունվել:

Միևնույն ժամանակ, Պեսկովի խոսքով, նախատեսված չէ նաև Պուտինի հանդիպումը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, ով Մոսկվա կայցելի հոկտեմբերի 12-ին:

«Այս պահին՝ ոչ, սակայն հանդիպում կլինի երկու երկրների արտգործնախարարների՝ Սերգեյ Լավրովի և Զոհրաբ  Մնացականյանի միջև: Կլինեն բանակցություններ»,- ասել է ՌԴ նախագահի մամլո խոսնակը:

Բացի դրանից, ըստ Պեսկովի, Պուտինը պարբերաբար հեռախոսային զրույցներ է ունենում Փաշինյանի հետ, և այդ երկխոսությունը կշարունակվի:

Պեսկովը վստահեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի կարգավորման նպատակով «շարունակվում է երկխոսությունն ամենատարբեր, ներառյալ՝ բարձրագույն մակարդակում»:

Պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս