Բաժիններ՝

Տիկնիկային թատրոնը հյուրընկալել է իրենց բնակավայրերից ժամանակավորապես հեռու գտնվող երեխաներին

Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության կրթամշակութային հաստատությունները պարբերաբար կազմակերպում են բովանդակային տարբեր ծրագրեր իրենց բնակավայրերից ժամանակավորապես հեռու գտնվող երեխաների ժամանցն ապահովելու համար:

Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը նույնպես հյուրընկալել է Արցախից Հայաստան եկած փոքրիկների, որոնք թատրոնում դիտել են Հովհաննես Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթի բեմադրությունը:

Ներկայացումը երեխաների հետ դիտել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

«Այսօր դուք եք մեր հյուրը, մյուս անգամ էլ մենք կհյուրընկալվենք ձեզ, որովհետև մենք միշտ միասին ենք: Մենք ձեզ շատ ենք սիրում և չենք պատկերացնում մեր կյանքն առանց ձեզ՝ հրաշալի, սիրուն, խելացի բալիկներ»,- երեխաներին ջերմորեն դիմել է թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը և հավելել՝ խաղաղության հաստատումից անմիջապես հետո Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնն առաջինը կայցելի նրանց՝ նոր ներկայացմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս