Ադրբեջանի սկսած պատերազմի նպատակը էթնիկ զտումն է. ՀՀ նախագահը՝ ՌԴ ԶԼՄ- ների ներկայացուցիչներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 7-ին հանդիպել է ռուսաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և պատասխանել Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի վերաբերյալ նրանց հարցերին:

«Այն, ինչ սկսվեց սեպտեմբերի 27-ին, լոկալ բախում չէր, ինչպիսիք նախկինում տեղի էին ունենում: Այն իսկական պատերազմ է, որին Ադրբեջանն ու Թուրքիան վաղուց ու լրջորեն են պատրաստվել: Այն նաև տարբերվում է նրանով, որ այդ պատերազմում, բացի ադրբեջանական կողմից ու Արցախի Հանրապետությունից, ներգրավված է նաև երրորդ կողմ՝ Թուրքիան իր ուղղակի մասնակցությամբ,-ասել է նախագահ Սարգսյանը: -Հակամարտության կողմերը՝ Ադրբեջանն ու Արցախի Հանրապետությունը, տարբեր մոտեցումներ ունեն: Ադրբեջանն ասում է, թե ազատագրում է իր տարածքները: Ո՞ւմից է ազատագրում: Եթե նրանք ազատագրում են հայերից, ապա դրա համար այլ բառ կա՝ ոչ թե տարածքային ամբողջականություն, այլ մեկ այլ միջազգային տերմին՝ էթնիկ զտում: Այսինքն՝ ուզում ենք այդ տարածքը, բայց՝ առանց հայերի:

Այնպես որ, եկեք իրերն իրենց անունով կոչենք: Կա պատերազմ, որն սկսել է Ադրբեջանը, և պետք չէ այն կապել տարածքային ամբողջականության հետ, այն իրականացվում է պարզապես էթնիկ զտման նպատակով»:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը նշել է, որ այս պատերազմում Արցախի հայերի ու Ադրբեջանի նպատակներն ու շարժառիթներն էապես տարբերվում են. «Արցախի Հանրապետությունում մարդիկ պայքարում են հանուն իրենց կյանքի, հանուն իրենց երկրի, իրենց ազատության, հանուն այն եկեղեցիների, որոնք դարերով այդ տարածքում են գտնվում: Այսինքն՝ երկու տարբեր մոտեցում կա. մի կողմից մահ է, մյուս կողմից՝ մարդիկ պայքարում են հանուն իրենց կյանքի, հանուն իրենց հայրենիքի»:

Հայաստանի նախագահն ընդգծել է, որ այս պատերազմն իր ծավալներից և զինատեսակների կիրառման եղանակներից բացի, տարբերվում է նաև Թուրքիայի ներգրավվածությամբ: «Դուք հարցնում եք Թուրքիայի հնարավոր միջնորդական դերի մասին: Ինչպե՞ս կարող է հակամարտության կողմը միջնորդ լինել: Դա հնարավոր չէ, քանի որ միջնորդ են համարվում նրանք, որոնց վստահում են: Ինչպե՞ս կարող են Արցախի, Հայաստանի, Մոսկվայի կամ մեկ այլ վայրի հայերը վստահել Թուրքիային: Բոլորը գիտեն մեր ժողովրդի պատմությունը,-նշել է նախագահը: -Ի՞նչ է ասում Թուրքիան, ի՞նչ պատճառաբանություն է բերում իր բացահայտ ներգրավվածության վերաբերյալ: Առաջինն այն է, թե սատարում է իր էթնիկ եղբայրներին: Ի՞նչ է սա նշանակում: Եթե էթնիկ եղբայրության տեսանկյունից դիտենք, ապա նրանք նման եղբայրներ ունեն նաև Կենտրոնական Ասիայում, Մոնղոլիայից մինչև Չինաստան տարածքում: Ուրեմն ի՞նչ: Ստացվում է, որ եթե նշված վայրերում ինչ-որ բան տեղի ունենա, նրանք պետք է գնան՝ ներգրավվեն այդ հակամարտություններում՝ պաշտպանելու իրենց էթնիկ եղբայրների՞ն»:

Նախագահ Սարգսյանը անհեթեթություն է որակել նաև Թուրքիայի մյուս պատճառաբանությունները՝ Հայաստանում իբր քուրդ զինյալների առկայության և Ադրբեջանում միջազգային էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանության վերաբերյալ: «Եթե հայերը ցանկանային, ապա քսան տարի առաջ կհարվածեին այդ գազամուղին ու նավթամուղին և թույլ չէին տա Ադրբեջանին միլիարդավոր դոլարներ վաստակել և զենք գնել ու հիմա կիրառել ոչ միայն զինվորների, այլև խաղաղ բնակչության դեմ,-ընդգծել է նա: -Թուրքիան այսպիսով փորձում է արդարացնել իր սպաների, գեներալների, իսլամիստ ահաբեկիչների ներկայությունն Ադրբեջանում: Իրականում դա լինելու է նրանց մշտական ներկայությունն Ադրբեջանում, բայց սա արդեն Ադրբեջանի ժողովրդի ու կառավարության գործն է: Նրանք չեն բավարարվելու միայն «պահպանելով» այդ ենթակառուցվածքները, այլ կսկսեն վերահսկել, հետո՝ կառավարել դրանք, իսկ սա նշանակելու է, որ ողջ Եվրոպան նավթի և գազի մատակարարման տեսանկյունից կախվածության մեջ է լինելու Թուրքիայից, որը կվերածվի հսկայական ազդեցությամբ երկրի»:

Հայաստանի նախագահն ընդգծել է, որ Թուրքիայի և ահաբեկիչ-գրոհայինների ներկայությունը տարածաշրջանում ամբողջությամբ փոխում է աշխարհաքաղաքական պատկերը Կովկասում. «Ինչպե՞ս լուծել խնդիրը: Գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմը, որը բավականին հաջողությամբ էր գործում՝ իր երեք համանախագահ երկրներով: Բայց ինչպե՞ս վերադառնալ այդ ձևաչափին, երբ այսօր պատերազմ է ծավալվում: Հնարավո՞ր է այսօր դադարեցնել կրակը: Դա հնարավոր կլինի միայն այն պարագայում, երբ այդ երրորդ խաղացողը՝ Թուրքիան, դուրս գա խաղից: Այսինքն, մաթեմատիկական լեզվով ասած՝ մենք ունենք հավասարում՝ իր պարամետրերով, որտեղ հայտնվում է մեկ այլ՝ նոր պարամետր, որը բոլորովին այլ հավասարումից է՝ Թուրքիայի իմպերիալիստական հավակնություններ կոչվող հավասարումից: Եվ նրա գոյությունն անհնար է դարձնում այս հավասարման լուծումը: Այստեղ առաջանում է մեկ այլ հարց, որը հիմա ինձ շատ են ուղղում՝ իսկ հնարավո՞ր է ներգրավել նաև այլ խաղացողների: Մեր դիրքորոշումը շատ հստակ է. արդեն կա երրորդ խաղացողը, որը խանգարում է: Չորրորդ, հինգերորդ խաղացողի ներգրավումն այդ հավասարումը բացարձակ անլուծելի կդարձնի, և այդ լարվածությունը մեկ այլ մակարդակ ու հարթություն կտեղափոխվի, որը վաղը հնարավոր չի լինի ոչ միայն լուծել, այլև՝ կանգնեցնել: Իսկ սա նշանակում է անկայունություն ողջ Կովկասում: Նոր խաղացողների ներգրավումն այս տարածաշրջանը նոր Սիրիա կդարձնի՝ հարյուր անգամ ավելի վտանգավոր դրսևորումներով: Ուստի չպետք է դա թույլ տալ և պետք է այնպես անել, որ հակամարտության մակարդակը նվազի, ոչ թե աճի»:

Այս համատեքստում նախագահ Սարգսյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների դերը. «Համանախագահ երկրներից Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ի անդամ է, որի անդամ է նաև Թուրքիան: Երբ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամակցության պայմանագիր էր ստորագրում, այնտեղ կա՞ր դրույթ, որ նա կարող է մասնակցել երրորդ երկրների հակամարտություններին: Բնականաբար՝ ոչ: Ուստի ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի, այլ կազմակերպությունների միջոցով պետք է ազդի Թուրքիայի վրա, որ նա դուրս գա այս խաղից և դրանով իսկ հնարավորություն տա վերսկսել բանակցությունները, քանի որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի»:

Նախագահը բարձր է գնահատել նաև Ռուսաստանի միջնորդական հնարավորությունը. «Ռուսաստանը կարող է որպես միջնորդ հանդես գալ, քանի որ նորմալ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, կարող է ազդել Թուրքիայի վրա, իսկ մեր և Ռուսաստանի պատմությունը միայն բարեկամության մասին է»:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Արցախում ապրող հայերը Ռուսաստանը դիտարկում են որպես երկիր՝ որը կարող է իր ազդեցությամբ իրական միջնորդ լինել և դադարեցնել ռազմական գործողությունները:

Ի պատասխան համանախագահ երկրների կողմից տարբեր ձևաչափով միջնորդական հնարավորություններին վերաբերող հարցին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ ցանկացած առաջարկ, որը կարող է գործնական արդյունք տալ, ընդունելի է:

Տեսանյութեր

Լրահոս