«Եթե կարիքը զգացվի, առանց մեկ վայրկյան մտածելու՝ կհրաժարվեմ մանդատից և կգնամ առաջնագիծ». Ռուստամ Բաքոյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, ով օրերս եզդիական համայնքից կազմավորված կամավորական խմբի հետ մեկնել էր առաջնագիծ՝ նոր է վերադարձել Երևան։
168.am–ի հետ զրույցում նա ասաց, որ առաջնագծում կանգնած տղաների վիճակը լավ է, բոլորն էլ մարտական են տրամադրված։
«Փառք Աստծո, մինչև այս պահը եզդիական համայնքից կազմված կամավորական ջոկատը վիրավոր կամ զոհված չունի։ Տղաները մարտական են տրամադրված և ամեն օր մասնակցում են ընթացող գործողություններին։ Կազմավորվում է կամավորականների երկրորդ ջոկատը, հիմա մեր գլխավոր սրբավայրում, որը գտնվում է Ակնալճում, ընթանում է այդ գործընթացը։ Եզդիական համայնքը հանգանակություններ է արել նաև Համահայկական հիմնադրամին, նաև հումանիտար աջակցություն ենք ցուցաբերում, շուտով շտապօգնության մեքենաներ կբերենք Հայաստան և կտրամադրենք Պաշտպանության նախարարությանը»,- նշեց պատգամավորը։
Նրա կարծիքով՝ հայկական կողմը կարողացել է ճիշտ տեղ հասցնել եռագլուխ վիշապի կողմից իրականացվող ագրեսիան, նաև, թե ինչ գործողություններ են իրականացնում խաղաղ բնակչության նկատմամբ։
«Այն ինչ այսօր անում են մեր թշնամիներն՝ անընդունելի է, և կարծես թե համաշխարհային հանրության գործադրած ջանքերը և ճնշումները այսօր որոշակի արդյունք են տվել։ Ոչ միայն մեր տված տեղեկատվությամբ, այլև այլ երկրների աղբյուրների ձեռք բերած տվյալների արդյունքում հստակեցվել է, որ մենք այստեղ չենք կռվում Ադրբեջանի դեմ, մենք կռվում ենք 90 մլն-ի դեմ»,- շեշտեց պատգամավորը։
Նա նաև շեշտեց, որ օրենքը թույլ չի տալիս, որպեսզի մասնակցեն ռազմական գործողություններին, սակայն հարկ եղած դեպքում վայր կդնի պատգամավորական մանդատը և կմեկնի ռազմադաշտ. «Եթե կարիքը զգացվի, առանց մեկ վայրկյան մտածելու՝ կհրաժարվեմ մանդատից և կգնամ առաջնագիծ, իհարկե կգնանք»,- եզրափակեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում