Արման Աբովյանն ԱԺ–ում ցուցադրեց Ստեփանակերտում ընկած հրթիռի մի մասը
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը խորհրդարանում ելույթի ժամանակ ցուցադրեց Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ընկած հրթիռներից մեկի բեկորը՝ նշելով, որ մեր դեմ պատերազմում են հանցագործ Թուրքիան և Ադրբեջանը: Աբովյանը նշեց, որ հանցագործ են բոլոր նրանք, ովքեր զենք են կիրառում խաղաղ բնակչության նկատմամբ:
«Սա այն մեծ տրամաչափի հրթիռներից մեկի մի մասն է, որով այսօր հրթիռակոծվում է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը և այլ քաղաքները: Այս բեկորը գտել եմ Ստեփանակերտի ծննդատան մոտ, այսօր այսպիսի բազմաթիվ հրթիռներ են կիրառվում Արցախի խաղաղ բնակչության դեմ: Հանցագործ են բոլորը, որոնք որևէ տեսակի զենք են կիրառում խաղաղ բնակչության դեմ: Մեզ հետ պատերազմում է ահաբեկչական Թուրքիան և ահաբեկչական Ադրբեջանը: Սա այն ուղեգիրն է, որը պետք է այդ երկու հանցագործի առջև բացի Հաագային միջազգային տրիբունալի դռները: Չեմ կասկածում, որ թե’ Ալիևը, թե’ Էրդողանը կստանան իրենց արժանի պատիժը»,- ասաց Աբովյանը:
Պատգամավորը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի գործընկերները հասկանում են` եթե այսօր չկանգնեցնեն այդ ահաբեկիչներին, ապա այդ ահաբեկիչները կհայտնվեն Վրաստանում, Ռուսաստանում, Եվրոպայում, Իրանում և այդպես շարունակ: