«Թուրքիայի ներգրավումը ապագա բանակցություններում ամեն գնով պետք է բացառել». Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Թուրքիան չպետք է մասնակցի հնարավոր ապագա բանակցություններին։
Թուրքիան ջանք ու եռանդ չի խնայում մեծացնել իր դերակատարումը Հարավային Կովկասում եւ կովկասյան թուրքերի ահաբեկիչ ղեկավարի բերանով նշում,թե հետագա խաղաղ բանակցային գործընթացում Թուրքիան անպայման պետք է ներկա լինի։
Մեր բոլորիս ու նախ եւ առաջ քաղաքական ղեկավարության խնդիրը պետք է լինի թույլ չտալ նման զարգացում՝ դասեր քաղելով նախորդ դարասկզբի իրադարձություններից։
Անհրաժեշտ է ամրացնել հայ-ռուսական իրական դաշնակցությունը՝ հնարավորինս չեզոքացնելով Թուրքիայի դերակատարումը։
Ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ այսօր այլ աշխարհաքաղաքական կենտրոններից հնչող գնահատականները կարող են ունենալ ոչ այնքան կիրառական, որքան դեկլարատիվ նշանակություն։
Ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ հիմա մեր տարածաշրջանում կան թուրքական եւ ռուսական զինված ուժեր, եւ ակնհայտ է, որ թուրքական գործոնի ակտիվացման նվազման ամենաարդյունավետ դեղամիջոցը կարող է լինել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների խորացումը ՝միեւնույն ժամանակ չբացառելով հարաբերությունների ամրապնդումը Իրանի հետ։
Թուրքիայի ներգրավումը ապագա բանակցություններում ամեն գնով պետք է բացառել»: