Մոսկվայի դպրոցներում կանցնեն հեռավար ուսուցման
Մոսկվայում կորոնավիրուսային վարակով հիվանդացության աճի պատճառով դպրոցները կանցնեն հեռավար ուսուցման: Այդ մասին հաղորդել են կրթության նախարարությունում։
Հոկտեմբերի 5-ին այսպիսի որոշում է ընդունվել երեք տարածաշրջանների համար, ճշտել է փոխնախարար Վիկտոր Բասյուկը: Նրա խոսքով՝ հեռավար ուսուցման անցնելու ամսաթիվը կորոշի այդ տարածաշրջանների ղեկավարությունը:
«Կանխատեսել, թե դա ինչպես կզարգանա հետագայում, բավականին դժվար է, որովհետեւ մենք տեսնում ենք, որ հիվանդության հետ կապված իրադրությունը բոլորովին տարբեր ձեւով է տարբեր տարածաշրջաններում: Մենք ունենք տեղեկատվություն, եւ մենք այն ստուգում ենք այսօր՝ դա Սախալինն է, Ուլյանովսկի մարզը: Եվ ստույգ հաստատված տեղեկատվություն՝ դա Մոսկվան է»,-ասել է Բասյուկը: Հոկտեմբերի 5-ից մայրաքաղաքում, քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինի որոշմամբ, սկսվել են համընդհանուր դպրոցական արձակուրդները: Ենթադրվում է, որ դրանք կտեւեն երկու շաբաթ: Դրանք մտցվել էին COVID-19-ի հետ կապված իրադրության վատթարացման պատճառով: Նաեւ հոկտեմբերի 5-ից քաղաքային կազմակերպություններին կարգադրել էին անձնակազմի 30 տոկոսին փոխադրել հեռավար աշխատանքի: Դրա հետ մեկտեղ, քաղաքապետարանում ընկերություններին հանձնարարել են հեռավար աշխատանքի ուղարկել աշխատակիցների մինչեւ 50 տոկոսին: Սոբյանինն անցած շաբաթ նշել էր, որ կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը քաղաքում մոտ է օրհասականին, եւ եթե արձակուրդներն ու մասնակիորեն հեռավար աշխատանքին անցնելը չօգնի, իշխանությունները կարող են ավելի խիստ սահմանափակումներ մտցնել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: