Ադրբեջանը, խաղաղ բնակչությանը թիրախավորելով, նորից ապացուցեց՝ Արցախն իր կազմում լինել չի կարող
Արցախը երբեք Ադրբեջանի կազմում լինել չի կարող, հակառակորդը թիրախավորում է Արցախի հայ խաղաղ բնակչությանը, Ադրբեջանին պետք են տարածքներ՝ առանց հայկական բնակչության և Թուրքիայի ակնհայտ աջակցությամբ փորձում է ավարտին հասցնել դեռ 100 տարի առաջ Արևմտյան Հայաստանում սկսված ցեղասպանության քաղաքականությունը: «Արմենպրես»–ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեցին փորձագետները:
«Միանշանակ որևէ մեկի համար ապացուցման կարիք չունի այն, որ Արցախը, մեր հայրենիքի ցանկացած մաս, որտեղ բնակվում են հայերը, երբևէ չի կարող լինել որևէ ադրբեջանական կամ թուրքական պետականության կազմում՝ ցանկացած կարգավիճակով: Դա փաստ է, ապացուցված է թե վերջին 100 և ավելի տարիների ընթացքում, թե հենց այս օրերին, որովհետև, ինչպես տեսնում ենք, Ադրբեջանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի, օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրների, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի գործադրմամբ հստակ կերպով թիրախավորում է քաղաքացիական ենթակառուցվածքները, շենքերը, բնակավայրերը: Մասսայական քաոսային հարվածներ է հասցնում, ինչի հետևանքով բազմաթիվ խաղաղ բնակիչներ են Արցախում տուժել, վիրավորվել, մահացել»,- ասաց «Օրբելի» կենտրոնի ադրբեջանական հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը:
Նա նշեց՝ պարզ է, որ նրանց գործելաոճն այժմ ահաբեկչական է բնակչության նկատմամբ: Հովհաննիսյանը նկատեց, որ այս ահաբեկչական գործողություններն ուղեկցվում են նաև Ադրբեջանի կողմից պաշտոնական հայտարարություններով, որ հայերը լքեն Արցախի տարածքը, հակառակ դեպքում հարվածելու են խաղաղ բնակչությանը: «Նմանատիպ մեթոդներով փորձում են թե խուճապ տարածել, թե հստակ կերպով արձանագրում են, որ իրենց պետք են տարածքներ՝ առանց հայկական բնակչության և պատրաստ են այդ բնակչությանն իրենց բոլոր հնարավոր միջոցներով հարվածելու»,- նշեց նա:
Ադրբեջանական կողմի համար հայը հարմար թշնամու կերպար է, որին հնարավորության դեպքում կարող են ամենաանմարդկային ձևերով սպանել, Հովհաննիսյանը հիշեց՝ ինչպես, օրինակ, քնած Գուրգեն Մարգարյանին, և ինչպես հիմա Ադրբեջանի զինված ուժերը փորձում են անել Արցախի ողջ խաղաղ բնակչության նկատմամբ:
Քաղաքագետ Թևան Պողոսյանը, անդրադառնալով հակառակորդի կողմից Արցախի խաղաղ բնակչության, բնակավայրերի թիրախավորմանը, նշեց՝ սա ցույց է տալիս, որ ունենք ֆաշիստական հակառակորդ, որի նպատակն է վերացնել հայ ազգը, դրա համար էլ նույնիսկ քաղաքացիական բնակավայրերն են թիրախավորել: «Նրանք պարզապես ցանկանում են մեզ այստեղից վերացնել: Սա հառկակորդի համար երբևէ տարածքային խնդիր չի եղել: Եղել է հայաթափության և հայատայացության քաղաքականության շարունակությունը»,- ասաց Պողոսյանը:
Նա նշեց, որ դա սկսվել է դեռ 1 դար առաջ՝ Թուրքիայում՝ ցեղասպանություն քաղաքականությամբ, սակայն այդ քաղաքականությունը հաջողության չհասավ այնտեղ, հայ ազգը կանգնեց: «Ուժեղացավ մայր հողում, հիմա էլ փորձում է նաև այստեղ անել, եթե այն ժամանակ Արևմուտքում էր, հիմա նաև Արևելքից են դա փորձում անել»,- ասաց Պողոսյանը: