Հայ դատի հանձնախումբը Ավստրալիային կոչ է արել հետաքննել Ալիևին պատկանող ավիաընկերության թռիչքները
Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը Ավստրալիայի կառավարությանը կոչ է արել հետաքննել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքին պատկանող, Մերձավոր Արևելք զենք տեղափոխելու և ահաբեկիչ-վարձկաններին աջակցելու հետ կապ ունեցող «Silk Way Airlines» ավիաընկերության թռիչքներն Ավստրալիա:
Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը վկայակոչելով Flightradar24-ին գրում է, որ Իլհամ Ալիևի դստերը պատկանող Silk Way Airlines ավիաընկերությունը Պերթի և Բաքվի միջև թռիչքներ է իրականացրել այն ժամանակ, երբ Ադրբեջանը ագրեսիվ հարձակում է սկսել Հայաստանի և Արցախի Հանրապետության վրա:
«Մենք համառորեն կոչ ենք անում դաշնային կառավարությանը հետաքննել ադրբեջանական Silk Way Airlines ավիաընկերության գործունեությունը, որը, ինչպես հաղորդվում է, զենք էր տեղափոխում ահաբեկիչներին՝ համոզվելու համար, որ ոչ մի ավստրալական ընկերություն մասնակից չէ Բաքվի ռազմական ապակայունացնող ագրեսիային և Արցախի Հանրապետության բնիկ հայերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դեմ ռազմական հանցագործություններին»,-հայտարարել է ՀՅԴ Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը։
«Հայերը հարձակման են ենթարկվում Ալիևի կողմից և մենք պետք է համոզվենք, որ Ավստրալիան այս ծավալվող ճգնաժամում գտնվում է պատմության ճիշտ կողմում և անուղղակիորեն չի դառնում նրա հանցակիցը»,-ընդգծել է նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 17 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ (4-ը Սու–25), 113 անօդաչու թռչող սարք, 250 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 2290 զոհ, ավելի քան 3670 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 158 զոհ և 200-ից ավելի վիրավոր։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։