Տրյուդոն հաստատել է, որ Կանադան հետաքննություն է սկսել ԼՂ հակամարտության գոտում ընդդեմ հայերի կանադական տեխնոլոգիաների կիրառման մեղադրանքների հարցով
Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն արձագանքել է մեղադրանքներին առ այն, որ հայ-ադրբեջանական հակամարտության գոտում հայերին թիրախավորող անօդաչու թռչող սարքերում կիրառված են կանադական տեխնոլոգիաներ: Խոսքը կանադական արտադրության L3Harris WESCAM պատկերային և թիրախային համակարգերի մասին է, որոնք օգտագործվում են ադրբեջանցիների օգտագործած անօդաչուներում, գրում է republicworld.com կայքը:
«Ինչ վերաբերում է կանադական ռազմական սարքերին, որոնք կարող են օգտագործված լինել, ապա արտգործնախարարը հետաքննություն է սկսել կատարվածի իսկությունը պարզելու համար»,- լրագրողներին ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ չափազանց մտահոգված է հակամարտության սրմամբ:
Ավելի վաղ Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանն արձագանքել էր հայ-ադրբեջանական հակամարտության գոտում հայերին թիրախավորող անօդաչու թռչող սարքերում կանադական տեխնոլոգիաների առկայության մասին հայ համայնքի մեղադրանքներին և հրամայել հետքաննություն սկսել այս հարցով:
«Կանադան խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում տեղի ունեցող մեծամասշտաբ ռազմական գործողությունների մասին հայտարարություններով: Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, հարգել զինադադարի պայմանագիրը, քաղաքացիութան պաշտպանությունը»,-նշել է Կանադայի ԱԳՆ մամուլի խոսնակ Միշել Կիմպայեն, այնուհետև տեղեկացրել, որ նման մեղադրանքներ լսելուն պես արտգործնախարարը գործի հետաքննության հրաման է տվել:
Նշվում է, որ Կանադայում խաղաղության հետազոտման ինստիտուտը վերջերս մեծ զեկույց է ներկայացրել, որում խոսվում է LS Harris Wescam զգայակների մասին, որոնք տեղադրվել են թուրքական անօդաչու թռչող սարքերում: