«Ադրբեջանը խախտում է պատերազմի գրված և չգրված օրենքները. թիրախավորում է խորը թիկունքում գտնվող բնակավայրերը». Սուրեն Սարումյան
Այս պահին մարտական գործողություններ են ընթանում ռազմաճակատի ամբողջ երկայնքով, դրանք հատկապես ինտենսիվ են հյուսիսում և հարավում: Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Արցախի ՊԲ մամուլի պատասխանատու Սուրեն Սարումյանը:
«Հակառակորդը կիրառում է իր ամբողջ զինանոցը՝ ԱԹՍ-ներ, ավիացիա, զրահատանկային և հատուկ նշանակության ստորաբաժանումներ, հրետանի: ՊԲ մարտիկները, ցուցաբերելով հերոսություն, հետ են մղում հակառակորդի գրոհները՝ ամուր կանգնած իրենց բնագծերում: Հակառակորդին պատճառված է կենդանի ուժի և տեխնիկայի մեծ կորուստներ, որոնց թիվն այս պահին ճշտվում է, քանի դեռ մարտական գործողություններն ընթանում են»,- նշեց նա:
Սուրեն Սարումյանը շեշտեց, որ թշնամին շարունակում է խախտել պատերազմի գրված և չգրված օրենքները՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում գտնվող բնակավայրերը:
«Այսօր ևս խաղաղ բնակավայրերը ենթարկվել են հրետակոծության, այդ թվում՝ հրթիռային հարվածներ են հասցվել Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտներին»,-ասաց նա: