«Այսօր մենք ստիպված ենք մեր գոյապայքարը, մարտը տալ հանուն կյանքի և հանուն խաղաղության». Պարգև սրբազանը համախմբման կոչ է արել

Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը կոչով դիմել է համայն հայության։

Նա իր կոչում մասնավորապես նշել է.

«Իմ շատ սիրելի և հարազատ հայրենակիցներ, դիմում եմ ողջ հայությանը, համախմբվել և զորավիգ դառնալ Արցախին և մեր բանակին։ Քիչ առաջ Արցախի նախագահ պարոն Հարությունյանը մեկնեց առաջնագիծ՝ ղեկավարելու, գոտեպնդելու մեր հայրենյաց պաշտպաններին։ Այսօր, իրոք, թեժ և դաժան պատերազմ է գնում, մահու կենաց պատերազմ, գոյապայքարի կռիվ է։ Դուք գիտեք, որ մենք երբեք պատերազմ չենք սկսել, երբեք զինադադարը չենք խախտել, բայց ամեն անգամ նենգաբար մեր դեմ սկսում են պատերազմել։

Ամեն մի մարդու, ամեն մի ժողովրդի իրավունքն է իր կյանքը պաշտպանելու, պաշտպանվելու։ Այսօր մենք ստիպված ենք մեր գոյապայքարը, մարտը տալ հանուն կյանքի և հանուն խաղաղության։ Ես կամենում եմ, որ դուք բոլորդ խորունկ հավատով, արիական ոգով դառնաք մեկ բռունց, մեկ միտք, մեկ կամք և ամեն ինչով աջակցեք մեր բանակին և արցախահայությանը։ Մենք այստեղ ենք և գիտենք, որ մեր մեջքի հետևում Մայր Հայաստանն է և մենք Մասիս սարի պես պետք է լինենք կայուն և անսասան։

Այսօր ժամը 18։00-ին ամբողջ աշխարհի հայերին խնդրում եմ միասնական աղոթքով միանալ ի զորակցություն մեր բանակի։ Մենք բոլորս աղոթում ենք մեր հաջողության, հաղթանակի և խաղաղության համար, այնպես որ սպասում ենք բոլորիդ աղոթքը և բոլորիս զորակցությունը։ Ամուր եղեք բոլորդ, պինդ եղել, մեր գործն արդար է և Աստված միշտ արդարների կողմն է լինում, Տերն օրհնյալ պահի ամբողջ հայությունը և մեր բանակը, Ամեն»։

Տեսանյութեր

Լրահոս