Մուտք Հակոբ Արշակյանի համակարգչին, առավել եւս նրա փաստաթղթերին ադրբեջանցիները չեն կարողացել ստանալ. հայտարարություն
Ազերների կողմից ապատեղեկատվություն է տարածվել, այդ թվում նաեւ Ձեր բոլորի էլ֊փոստերին, թե իբր հաքերային հարձակման է ենթարկվել ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի համակարգիչը: Այս մասին հայտարարություն է տարածել ԲՏԱ նախարարությունը:
«Այս լուրը չի համապատասխանում իրականությանը եւ նպատակ ունի ապատեղեկատվություն տարածել պատերազմական իրավիճակում լրատվական դաշտը հեղեղելով ապատեղեկատվությամբ, կեղծ եւ խուճապ առաջացնող լուրերով:
Նրանց մոտ են ընդամենը հայտնվել եւ իրենց կողմից կառավարվող կայքում տեղադրված են ընդհանուր օգտագործման փաստաթղթեր (shared files), որոնց կարողացել են մուտք ստանալ կոտրելով այդ անձանցից ինչ֊որ մեկի համակարգիչը: Այս ուղղությամբ տարվում են աշխատանքներ:
Մուտք Հակոբ Արշակյանի համակարգչին եւ առավել եւս նրա անձնական փաստաթղթերին չեն կարողացել եւ չեն կարող ստանալ:
Հավաստիացնում եմ՝ այժմ պատերազմ է մղվում ոչ միայն մարտի դաշտում, այլ թեժ պայքար է մղվում նաեւ կիբեր տիրույթում, որին հաջողությամբ դիմակայում է մեր կիբեր բանակը: Սա եւս մեկ պատճառ է հակառակորդի կողմից ապատեղեկատվության տարածման համար:
Ուստի, խնդրում եմ եւ հորդորում բոլոր ԶԼՄ֊ների ներկայացուցիչներին չտրվել գայթակղության, ինչը մեր հակառակորդի նպատակն է, եւ չհրապարակել, առավել եւս՝ չտարածել վերոնշյալ ապատեղեկատվությունը, ինչպես նաեւ իմ՝ այս նամակը: Դրանով իսկ կկանխվի հակառակորդի հերթական ապատեղեկատվության մուտքը մեր լրատվական դաշտ»:
Եթե ծագեն հարցեր, պատրաստ եմ զրուցել յուրաքանչյուրիդ հետ ցանկացած ժամի՝ աշխատում ենք 24/7 ռեժիմով, ինչպես, համոզված եմ՝ եւ Դուք:
Կանխավ շնորհակալ եմ օբյեկտիվ ընկալման եւ հայրենասիրական մոտեցումների համար: