Բաժիններ՝

Աբելյանցիները մանկական ներկայացում կցուցադրեն արցախցի երեխաների համար

Արցախից Հայաստան եկած երեխաներին ոգևորելու նպատակով Վանաձորի թատրոնը հատուկ նրանց համար կցուցադրի «Լինում է, չի լինում» մանկական բեմադրությունը: Փոքրիկները ներկայացումը կարող են դիտել հոկտեմբերի 2-ին ժամը 16:00-ին թատրոնի դահլիճում:

Հովհ.Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Փելեշյանն ասաց, որ արցախցի տասնյակ երեխաներ են ներկա լինելու ներկայացմանը:

Ավելի վաղ թատրոնի «Ֆեյսբուքի» էջում զետեղվել էր հետևյալ գրառումը. «Սիրելի՛ հայրենակիցներ, գոյամարտի դժվարին և հերոսական օրերին չպետք է մոռանանք, թե ինչ փոթորիկներ կարող են բարձրանալ մեր մանուկների հոգիներում։ Արցախից եկած մեր փոքրիկները հատկապես շատ շփոթված են և զգայուն, ծանր մտքեր ու անպատասխան շատ հարցեր, անհանգստություններ ու վախեր ունեն: Եվ որովհետև նաև արվեստով պետք է պայքարել ու հաղթել, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հանդես է գալիս նախաձեռնությամբ, որը նպատակ ունի փոխել Արցախից եկած մեր փոքրիկների օրը։ Մենք ուզում ենք անվախ բալիկներին վերադարձնել մանկության բոլոր գույները և մոռացնել պատերազմն ու տագնապը։ Այս երեխաները վաղվա մեր հաղթանակի ու շարունակվող կյանքի երաշխիքն են»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս