«Ուկրաինան ադրբեջանա-հայկական կոնֆլիկտի կողմերից որևէ մեկին չի ցուցաբերի ռազմական օգնություն». Արսեն Ավակով
Այսօր լուր տարածվեց, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կուսակից, Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Վլադիմիր Մարչենկոն հայտարարել է՝ Կիևը պատրաստ է ռազմական աջակցություն ցուցաբերելու Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ֆոնին:
«Ուկրաինան այսօր պատրաստ է աջակցել Ադրբեջանին տարբեր վայրերում: Սա և՛ ռազմական, և՛ հումանիտար աջակցություն է: Սա ռազմական իրավիճակ է»,- ասել էր նա:
Մարչենկոն համոզմունք էր հայտնել, որ եթե հարցը սրվի, այդ ժամանակ Ուկրաինան անտարբեր չի լինի:
«Որքան ես գիտեմ, մենք արդեն օգնություն ենք տրամադրում ինչպես իրավական ոլորտում, այնպես էլ ռեսուրսների ոլորտում։ Խոսքը հումանիտար օգնության մասին է: Այսօր քննարկվում է անհրաժեշտ օգնություն ցուցակ կազմելու հարցը»,- եզրափակել էր Ուկրաինայի օրենսդիր մարմնի ներկայացուցիչը:
Քիչ առաջ, սակայն, Ուկրաինայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը հրապարակել էր երկրի Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի թվիթերյան գրառումը:
«Ուկրաինան ադրբեջանա-հայկական կոնֆլիկտի կողմերից որևէ մեկին չի ցուցաբերի ռազմական օգնություն: Իսկա ահա բժշկական օգնություն, ավելի ստույգ՝ չափից առավել վառ երևակայություն ունեցող պատգամավորների համար հաբեր պետք է փնտրել ողջ երկրով մեկ»,-գրել է Արսեն Ավակովը: