«Որոշում է կայացրել խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում ՀՀ դեսպանին». Աննա Նաղդալյան
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ՌԴ-ի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությանը՝ նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների այդ հայտարարությանը ծանոթացել են, սակայն դրան գնահատական տրվելու է ավելի ուշ և ոչ ԱԳՆ խոսնակի մակարդակով։
«Այս պահի դրությամբ մենք ունենք միջազգային հանրության վճռական, հստակ դիրքորոշումը, որ պետք է քայլեր ձեռնարկվեն մարտական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ։ Ինչ վերաբերում է Թուրքիայից հնչող հայտարարություններին, ապա Արտաքին գործերի նախարարությունը բազմիցս հանդես է եկել գնահատականներով Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ։ Ես հղում կկատարեմ ՀՀ արտգործնախարարության հայտարարությանը, միայն մեկ հավելում անելով, որ, ինչպես 2016 թվականի ագրեսիայի ժամանակ, այնպես էլ ներկայումս Ադրբեջանը մարտական գործողությունների համապատասխան ֆոն նախապատրաստելով՝ հանդես է գալիս Մինսկի խմբի գործունեության քննադատությամբ, սա աշխարհաքաղաքական նպատակ է հետապնդում՝ ամրապնդելու Թուրքիայի դերը Հարավային Կովկասում»,- նշեց Աննա Նաղդալյանը։
Նա շեշտեց, որ բոլորի աչքի առջև Ադրբեջանը վերածվում է Թուրքիայի պրոքսի երկրի, և որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ՝ Հայաստանը և Արցախն իրենց կարողությունների սահմանում կանեն ամեն ինչ, որպեսզի թույլ չտան տարածաշրջանի խաղաղությունը խաթարեն։
Ինչ վերաբերում է Իրանին, Աննա Նաղդալյանն ասաց, որ մշտապես կապի մեջ են իրանցի գործընկերների հետ, և ափսոսանքի է արժանի այն, որ Ադրբեջանը տարածաշրջանի անվտանգությունը վտանգելու համար օգտագործում է այլ երկրի տարածք՝ Հայաստանի դեմ գործողություններ իրականացնելու համար։
Անդրադառնալով Իսրայելի կողմից Ադրբեջանին սպառազինության վաճառքին՝ ԱԳՆ-ն հստակ արտահայտվել է։
«Իսրայելի կողմից Ադրբեջանին գերժամանակակից սպառազինության տրամադրումը մեզ համար անընդունելի է։ Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Ներքին գործերի նախարարությունը որոշում է կայացրել խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում ՀՀ դեսպանին»,- եզրափակեց Աննա Նաղդալյանը։