«Մեկ հասարակ տվյալի անզգուշաբար փոխանցումը կարող է սպառնալիք դառնալ ազգային անվտանգության տեսանկյունից»

«Այս պահին հաքերներն այդքան էլ ակտիվ չեն, որովհետև այն, ինչ կարողացան՝ արեցին հուլիսին Տավուշի դեպքերի ժամանակ: Իսկ անձնական տվյալների արտահոսք լինում է Հայաստանից, հրապարակում են տեխնիկայի շարժը, Արցախից դեպի Հայաստան շարժվող քաղաքացիների վերաբերյալ ինֆորմացիա, թե ով որտեղից է շարժվում, ինչպես նաև հրապարակում են զինծառայողների հեռախոսահամարներ, թե լուրեր չունեն և այլն, ու դու նույնպես, ինչ-որ հնարավորություններ է ստեղծում հակառակորդի համար»,- «Մեդիա կենտրոնում» մամլո ասուլիսի ժամանակ ասաց տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը:

Խոսելով, օրինակ, Ֆեյսբուքի փակ խմբերում անձնական տվյալների հրապարակման ու դրա ապահով լինելու մասին՝ տեղեկատվական անվտանգության մասնագետը նշեց. «Ռուսական ասացվածք կա, ասում է՝ եթե ինչ-որ մի բան գիտեն երեք հոգի, նաև խոզն էլ գիտի դա: Ֆեյսբուքում «փակ խումբ» գաղափար գոյություն չունի, որովհետև եթե մի տեղ 5000 հոգի կա, ապա արդեն անվերահսկելի գործընթաց է դառնում: Բացի այն, որ կարող են կեղծ օգտատերեր այնտեղ սողոսկել, ադրբեջանական հաքերները կոտրում են բավականին շատ օգտատերերի էջեր ու նրանց միջոցով կարող են ներթափանցել: Ավելի վերահսկելի է «Տելեգրամի» փակ խումբը, քանի որ քիչ է հավանականությունը, որ մարդու համարը կկարողանան կոտրել»:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանն էլ անդրադառնալով հարցին, թե հանրությունն իրազեկվա՞ծ է անձնական տվյալների պաշտպանության կարևորության վերաբերյալ, ցավով նշեց.

«Հատկապես լայն հասարակությունն իրազեկված չէ, և դա շատ մտահոգիչ է ու հղի է անկանխատեսելի բացասական հետևանքներով: Պատերազմական, ճգնաժամային իրավիճակներում անձնական տվյալների պաշտպանությունը վերածվում է կյանքի իրավունքի և ազգային անվտանգության հարցի, որովհետև կարող է մեկ հասարակ տվյալի անզգուշաբար կամ դիտավորյալ փոխանցումը հանգեցնել և սպառնալիք դառնալ ազգային անվտանգության տեսանկյունից, անդրադառնալ ամբողջ հասարակության կյանքի իրավունքի վրա: Հատկապես սոցիալական ցանցերում մարդիկ առավելագույն անպատասխանատվությամբ են վերաբերվում: Անձնական տվյալները, հեռախոսահամարները, հարազատի, որդու մասին տվյալ որևէ անձի պետք չէ փոխանցել: Երեկվանից Հայաստանում արգելափակված է նաև «Տիկ-Տոկ» սոցիալական ցանցը: Լինելով լիբերալ հայացքների տեր անձնավորություն՝ առաջին անգամն է, որ ես ասում եմ՝ հիմնավորված է եղել «Տիկ-Տոկ» սոցիալական ցանցի արգելափակումը, հակառակ դեպքում սա արդեն դարձել էր սպառնալիք ազգային անվտանգության համար»,- ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահը:

Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանն էլ ընդգծեց. «Մենք փորձում ենք ինտենսիվորեն իրազեկել հանրությանն անձնական տվյալների պաշտպանության մասին, համագործակցում ենք նաև քաղհասարակության անդամների հետ: Իրազեկման մեր նախկին ծավալները մոտ չորս անգամ ավելացել են այս օրերին»:

 

Տեսանյութեր

Լրահոս