Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը մեկնել է Արցախ
Ազատ ոճի ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը մեկնել է Արցախ` ի պաշտպանություն հայրենիքի սահմանների: Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Եվրոպայի բազմակի չեմպիոն, աշխարհի առաջնության մրցանակակիր Արսեն Հարությոնյանը կամավորագրվել ու մեկնել է Արցախ` հայրենիքը պաշտպանելու: Հարությունյանի հայրը, ով ազատամարտիկ է, օրեր առաջ էր մեկնել Արցախ:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, դպրոցները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 7 քաղաքացի: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական Զինուժն ունի 103 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 920 կորուստ և 2100 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 84 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 166 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 1 «Սմերչ»: