Բայդենին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի
Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության անդամ Քրիս Բրայանթը ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Ջո Բայդենին առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։
«Երբ ոմանք դիմեցին բռնի որոշումների, նա պնդեց, որ լավագույն ուժը համոզելու ուժն է: Որովհետեւ զենքը կարող է կանգնեցնել սիրտը, սակայն համապատասխան խոսքերը կարող են փոխել բազմաթիվ սրտեր, իսկ բազմաթիվ սրտերը կարող են փոխել աշխարհը»,-Բրայանթը հայտարարել է Evening Standard հրատարակությանը:
Բրայանթը Բայդենին անվանակարգելու մտադրության մասին հայտնել է ԱՄՆ-ի նախագահի թեկնածուների նախընտրական բանավեճերի նախաշեմին: Ավելի վաղ Խաղաղության Նոբելյան մրցանակի էին առաջադրել Բայդենի ընդդիմախոսին՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին: Թրամփին այս կատեգորիայում առաջադրել են արդեն երեք անգամ՝ Նորվեգիայի «Առաջադիմության կուսակցությունից» պատգամավոր Քրիստիան Թիբրինգ-Գեդդեն, Շվեդիայի խորհրդարանի անդամ Մագնուս Յակոբսոնը եւ ավստրալացի պրոֆեսոր Դեւիդ Ֆլինթն ու նրա երեք գործընկերները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: