Հակամարտող երկրների քաղաքական օրակարգի առաջին հարցը ներկայումս ԼՂ հակամարտության կարգավորման թեման չէ․ Նեյլ Մաքֆարլեյն

«Հակամարտող երկրներում առավելապես նկատում ենք ներքաղաքական պայքար, պայքար կորոնավիրուսի դեմ, տնտեսական խնդիրների հաղթահարում, և այլն, և կարծես կողմերը դադար են վերցրել»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում նկատվող միտումներին։

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ ԱԳՆ-ն տեղեկություն տարածեց, որ տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի տեսակոնֆերանսը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ, և քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի միջավայրին առնչվող հարցերի շրջանակը:

Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ զրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել այսօր՝ հունիսի 30-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ անցկացնել տեսակոնֆերանս Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև: Նույնաբովանդակ տեղեկատվություն էր տարածել նաև Ադրբեջանի ԱԳ նախարարությունը՝ նշելով, որ այսօր կայանալիք տեսակոնֆերանսի ընթացքում քննարկվելու է ԼՂ հակամարտության ներկայիս իրավիճակը։

Նշենք, որ վերջին անգամ Մնացականյան-Մամեդյարով տեսակոնֆերանս կայացել էր ապրիլի 21-ին, նույն օրը, երբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ բանակցային սեղանին դրված են փուլային կարգավորում ենթադրող ռուսական առաջարկները։ Ապրիլի 21-ից սկսած կողմերից և հատկապես Ադրբեջանից շատ են հնչել կոշտ հայտարարություններ և Լավրովի ներկայացրած բանակցային օրակարգի մերժումներ։

Նեյլ Մաքֆարլեյնն ասաց, որ այն օրակարգը, որը փորձեց շրջանառության մեջ դնել ՌԴ ԱԳ նախարարը, ակնհայտորեն չգոհացրեց ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական կողմին։

«Ինչո՞ւ, չեմ կարող ասել, քանի որ այդ առաջարկների մանրամասներին չեմ տիրապետում, բայց այդ տրամադրությունները նկատվեցին ոչ միայն Հայաստանում, այլև Ադրբեջանում այս ընթացքում, և առավելապես նկատելի է եղել պատերազմական հռետորաբանություն։ Կարող եմ ենթադրել, որ պատճառն այն է, որ այդ առաջարկներն այնքան էլ միակողմանի չեն։ Դա են ցույց տալիս նաև այն հաղորդագրությունները, որոնք տարածել են արտգործնախարարությունները։ Կոնկրետ որևէ միտում չեմ տեսնում, կարծում եմ՝ շփումները պահպանվում են, որոնց ընթացքում քննարկվում է իրավիճակը շփման գծում և որոշ հավելյալ հարցեր, բայց գործընթացը հստակ բանակցային օրակարգ, իմ կարծիքով, չունի, քանի որ կողմերը որևէ շահ չարտացոլող պաշտոնական հաղորդագրություններով են հանդես գալիս։ Սա նշանակում է, որ խուսափում են շփման գծում իրավիճակի սրումից, բայց չկա առարկայական խոսակցություն, հակամարտող երկրների քաղաքական օրակարգի առաջին հարցը ներկայումս ԼՂ հակամարտության կարգավորման թեման չէ, քանի որ բոլոր երկրներում էլ առավելապես նկատում ենք ներքաղաքական պայքար, պայքար կորոնավիրուսի դեմ, տնտեսական խնդիրների հաղթահարում և այլն, և կարծես կողմերը դադար են վերցրել»,- ասաց Մաքֆարլեյնը։

Հարցին, թե ինչո՞ւ է հայկական կողմն օգտագործում «քննարկվել են գործընթացի միջավայրին առնչվող հարցեր», Նեյլ Մաքֆարլեյնն ասաց, որ հայկական կողմը սրանով փորձում է ակնարկել, որ չկա կարգավորման գործընթաց, այլ կա քննարկում դրա միջավայրի շուրջ, այսինքն՝ դա իրավիճակն է շփման գոտում, դա կողմերի արած հայտարարություններն են, որոնք ձևավորում են մթնոլորտ և անգամ սրում իրավիճակը։

«Պաշտոնական Երևանը ցանկանում է տպավորություն ստեղծել, որ չի բանակցում առանց բանակցային սեղանին Լեռնային Ղարաբաղի մասնակցության։ Բառախաղը բնորոշ է դիվանագիտությանը, բայց այս դեպքում նման ձևակերպումները ոչինչ չեն փոխում, քանի որ Ադրբեջանը չի համաձայնում ձևաչափի վերականգնմանը, և Երևանը բանակցային գործընթացը չընդհատելու նպատակով ստիպված է լինում տարիներ շարունակ հանդիպել, խոսել, շփվել, խորհրդակցել և բանակցել, ընդհանուր առմամբ այդ բոլորը կարելի է որակել՝ որպես բանակցություն։ Առաջիկայում այդ գործընթացում փոփոխությունների հավանականություն չեմ տեսնում, չնայած մշտապես կան պատերազմի սպառնալիքներ, բայց կարծում եմ՝ դրա համար էլ ամենահարմար պահը չէ ոչ մի կողմի համար»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս