Բաժիններ՝

Աշխատողների մեծ մասն ունի վարկային պարտավորություններ և նախարարության ու Խորեոգրաֆիայի թատրոնի պատճառով այսօր հայտնվել են խիստ ծանր պայմաններում․ Փաստաբան

Խորեոգրաֆիայի թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանն ու աշխատակիցները հայց էին ներկայացրել դատարան: Խնդիրն այն է, որ թատրոնի 19 աշխատող մոտ 2 տարի աշխատավարձ չի ստացել:

Դատական նիստին աշխատողների շահերը ներկայացվում էին փաստաբաններ Աշխեն Դաշյանի և Կարեն Տոնոյանի կողմից։ Աշխեն Դաշյանը 168.am-ին փոխանցեց, որ հունիսի 29-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի նստավայրում կայացել է հերթական դատական նիստը՝ «Խորեոգրաֆիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ի աշխատողների հայցն ընդդեմ «Խորեոգրաֆիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ի, երրորդ անձինք ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ ֆինանսների նախարարության՝ աշխատավարձերի բռնագանձման պահանջի վերաբերյալ:

«Դատական նիստին ներկա էին ինչպես թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Փալանջյանը, այնպես էլ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչը: Դատական նիստին ներկա գտնվող և՛ թատրոնի տնօրենը, և՛ նախարարության ներկայացուցիչը հակված էին դատական նիստը հետաձգելու: Վերջիններս առանց որևէ պատճառի անհասկանալի կերպով պարբերաբար միջնորդում էին նիստը հետաձգել և որքան հնարավոր է ուշ նշանակել, ինչը շատ զարմանալի էր, քանի որ վերջիններիս կարծես թե չէր հուզում այն կարևոր հարցը, որ վեճի առարկան աշխատավարձն է, և աշխատողներն արդեն 2 տարի զրկված են իրենց միակ ապրուստի միջոցից:

Առավել զարմանալի էր, որ պետական մարմնի ներկայացուցչին նույնպես դա չէր հուզում: Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենսդիրն առավել կարճ ժամկետներ է սահմանել աշխատանքային վեճերով քննության համար, ինչպես նաև մեր հիմնավոր փաստարկները, որ դատական նիստերի անհիմն ձգձգումները հանգեցնում են մեր վստահորդների իրավունքների կոպիտ խախտումներին, դատարանը մերժեց վերջիններիս միջնորդությունը: Ըստ էության, և՛ թատրոնի տնօրենը, և՛ նախարարությունը շարունակում են առարկել հայցի դեմ և հակված են չվճարելու աշխատողների աշխատավարձերը: Աշխատողների մեծ մասն ունի վարկային պարտավորություններ և նախարարության ու թատրոնի պատճառով այսօր հայտնվել են խիստ ծանր պայմաններում, զրկված են ապրուստի միջոցից»,- նշեց Աշխեն Դաշյանը։

Փաստաբանը տեղեկացրեց, որ դատական հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 1–ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս