«Համայնքների ավագանիները գույքահարկի եկամտի մինչև 10 տոկոս ֆոնդի շրջանակներում կարող են արտոնություններ տալ որոշ մարդկանց, կամ չեղարկել գույքահարկը, կամ հետաձգել, կամ զեղչել». Բաբկեն Թունյան

Հունիսի 25-ին Ազգային ժողովն արտահերթ ընթացակարգով ամբողջությամբ ընդունեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով 2021 թվականի հունվարի 1-ից 3-5 %-ով կբարձրացվի գույքահարկը: Ամեն հաջորդ տարի այն ավելի կբարձրանա: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը խորհրդարանում իր ելույթի ժամանակ ասել էր, որ Կենտրոնում ապրող թոշակառուները կարող են այդ գույքահարկը չվճարել, դա կարող են անել նրանց ժառանգորդները, կամ գնորդը, որը հետագայում այդ տունը ձեռք կբերի: 168.am-ի հարցին, թե հաշվարկե՞լ են արդյոք՝ քանի՞ նման բնակիչ է ապրում Կենտրոնում, Թունյանը պատասխանեց.

«Իրականում, դա պրակտիկորեն անհնար է հաշվել, թե քանի՞ մարդ նման վիճակում կլինի, որովհետև պետք է հստակ իմանանք, թե մեր համաքաղաքացիներից քանի՞սն են, որ ապրում  թանկարժեք բնակարաններում, իրենց գույքահարկն ինչքա՞ն է լինելու, հետո կարողանանք համեմատել այդ մարդկանց իրական եկամուտների հետ, հասկանանք՝ նրանք իրականում, թոշակից բացի, այլ աղբյուր ունե՞ն, թե՞ չունեն:

Ես երեկ մի վիճակագրություն էի ներկայացրել, որ ՀՀ-ում կա ընդամենը 9500 բնակարան, կամ ամբողջ բնակարանների մոտ 2.5 տոկոսը, որոնց գույքահարկը տարեկան 64.000 դրամից բարձր է լինելու: Եթե այդ 9500-ի մեջ կլինեն բոլորը թոշակառուներ, ինչը խիստ անհավանական է, այդ դեպքում կան տարբեր մեխանիզմներ, եթե իրապես մարդու եկամտի միակ աղբյուրը թոշակն է, իրոք չի կարողանում գույքահարկը վճարել, այդ թոշակն օրենքով արգելանքի տակ դրվելու ենթակա չէ»:

Պատգամավորը նաև նշեց, որ համայնքների ավագանիներն ունեն իրենց գույքահարկի եկամուտների մինչև 10 տոկոսի չափով ֆոնդ, որի շրջանակներում կարող են արտոնություններ տալ որոշ մարդկանց, կամ չեղարկել գույքահարկը, կամ հետաձգել, կամ զեղչել: Թունյանը կարծում է, որ այդ 10 տոկոսը բավական է նման մարդկանց խնդիրները լուծելու համար:

«Այլ հարց է, որ այդտեղ պետք է թափանցիկության որոշակի չափորոշիչներ ապահովեն, քանի որ ներկա պայմաններում համայնքապետերը կարող են որոշակի զգուշավորություն ցուցաբերել այդ համակարգը կիրառելուց, որովհետև վաղը-մյուս օրը կարող է մեկը գալ ու նրանց մեղադրել, ասել, որ գիտես՝ քո բարեկամին գույքահարկը զիջել կամ հետաձգել ես: Իրենց համար էլ հստակ խաղի կանոններ պետք է սահմանվեն»,- ասաց պատգամավորը:

Բաբկեն Թունյանը վստահեցրեց, որ մինչև վճարելու փաստացի ժամանակը գա, այս ամենն արդեն ուսումնասիրված կլինի, շտկումների կարիք լինելու դեպքում կշտկվեն դրանք:

Տեսանյութեր

Լրահոս