«ՌԴ իշխանական շրջանակներում, ամենայն հավանականությամբ, կա հստակ կարծիք այն ամենի վերաբերյալ, ինչ կատարվում է Հայաստանում, բայց․․․»․ Մալաշենկո

«Ռուսաստանը հետևում է նաև այն ամենին, ինչ կատարվում է Բելառուսում և Հայաստանում»,- այս մասին 168am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով ՀՀ ներքաղաքական «եռուզեռին», Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, խոսակցություններին, որ ՌԴ-ն աջակցում է հայաստանյան մի շարք քաղաքական ուժերի, և խոսելով հայ-ռուսական հարաբերություններից։

Ալեքսեյ Մալաշենկոյի գնահատմամբ՝ Հայաստանում և մի շարք հետսովետական երկրներում չափազանցված ընկալում կա հայ-ռուսական հարաբերությունների ռուսական ընկալման հարցում, և տպավորություն է, թե Ռուսաստանի համար մեկ առաջնայնությունը Հայաստանի հետ հարաբերություններն են և ՀՀ ներքաղաքական կյանքը։ Իրականում, ըստ նրա, այդպես չէ հատկապես Ռուսաստանի համար ներկայիս փուլում։

Նա նշեց, որ Ռուսաստանը մեծ դժվարությամբ և ռեսուրսներ ծախսելով՝ հաղթահարում է կորոնավիրուսը, պատրաստվում է սահմանադրական փոփոխություններին, ներքաղաքական վերադասավորումներին, փորձում է հաղթահարել էներգետիկ ճգնաժամը, հարաբերություններն Արևմուտքի հետ․․․ այս ցանկը, նրա խոսքով՝ շարունակելի է։

Մալաշենկոյի համոզմամբ՝ հետսովետական տարածաշրջանում Ռուսաստանը տաք սպառնալիքներ չունի, կան մի շարք խնդիրներ, որոնցով զբաղվում է, այդ թվում՝ Ղարաբաղյան հակամարտությունն ու հայ-ռուսական հարաբերությունները, բայց դրանցով ռուսական դիվանագիտությունը զբաղվում է սովորական ռեժիմով, առանց հավելյալ լարումների։

«Ինչ խոսք, Ռուսաստանը հետևում է նաև այն ամենին, ինչ կատարվում է Բելառուսում և Հայաստանում, ինչպես են շրջանառվում այդ ամենում ՌԴ-ի հետ կապ ունեցող թեմաները, սակայն չի արձագանքում ոչ մի կերպ։ Ռուսաստանի իշխանական շրջանակներում, ամենայն հավանականությամբ, կա նաև հստակ կարծիք այն ամենի վերաբերյալ, ինչ կատարվում է Հայաստանում, սակայն դրանց ռուսական արձագանքները, ինչպես անցյալի մի շարք իրադարձություններ են ցույց տվել, հենց Ռուսաստանի դեմ են շրջվում և ընկալվում՝ որպես միջամտություն։ Հենց այս պատճառով Ռուսաստանն ընդգծված կերպով չի արձագանքում, նույնիսկ փորձագետներն են ավելի զուսպ գնահատում և արձագանքում՝ խուսափելով գնահատականներից, թե Ռուսաստանը միջամտում է, Ռուսաստանն է ստեղծված իրավիճակի պատճառը։ Կարծում եմ, որ Ռուսաստանը կարող է ունենալ նախընտրություններ՝ որպես դաշնակից և Հայաստանին լավատեղյակ երկիր, դա նորմալ է, բայց դրանք որևէ կերպ չի արտահայտում, հայ-ռուսական հարաբերություններում առաջացող միտումները միմիայն երկկողմ խնդիրների պատճառով են։ Եվս մեկ հանգամանքն էլ այն է, որ հետհեղափոխական շրջանում նման զարգացումները սպասելի էին, այդ թվում՝ Հայաստանի գործընկեր երկրների համար։ Բայց դրանք իսկապես Հայաստանի և հայ ժողովրդի ներքին գործն են, ուստի բոլոր զարգացումները, որոշումները պետք է ընդունելի լինեն հայերի համար»,- ասաց Մալաշենկոն։

Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին՝ Մալաշենկոն նշեց, որ մեծ խնդիր չի տեսնում նրանում, որ հայկական կողմը չեղարկեց մասնակցությունն այսօր Մոսկվայում կայացած Հայրենական Մեծ պատերազմին նվիրված շքերթին։

«Հասկանալի է, որ երկրում կան շատ վիրուսակիրներ, Հայաստանը դիմել է աշխարհին օգնության խնդրանքով, ՌԴ-ն ևս՝ որպես դաշնակից, աջակցում է Հայաստանին, և այդ մասով թե Հայաստանի, և թե մի շարք այլ երկրների ղեկավարների կայացրած որոշումը հասկանալի ու ընկալելի է։ Սակայն, կարծում եմ, երկկողմ հարաբերություններում չհասկացված հարցեր կան, դրանք որոշակի լարում են պահպանում երկկողմ հարաբերություններում։ Ինչպես արդեն նշեցի, այս թեման այսօր առաջնային չէ Ռուսաստանի համար, ուստի կարծես իրավիճակը պահպանվում է նույնկերպ, ժամանակ առ ժամանակ անդրադարձեր է կատարում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փորձում է վերաբերմունք ցույց տալ մի շարք հարցերի ուղղությամբ, և բարձրացված հարցերից կարելի է հասկանալ, թե որ ուղղություններում կան փոխըմբռնման խնդիրներ։ Բայց այս ամենով զբաղվելու ժամանակ և ռեսուրս այսօր ոչ Ռուսաստանն ունի, ոչ էլ, կարծես թե, Հայաստանը»,- նման կարծիք հայտնեց Մալաշենկոն։

Տեսանյութեր

Լրահոս