«Խնդրում եմ ինքնաբուժությամբ չզբաղվել. դեքսամետազոնը հորմոնային դեղ է». Նիկոլ Փաշինյան
Այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցում ելույթ ունեցավ նաև Ֆրանսիայից Հայաստան ժամանած բժշկական թիմի ղեկավար Ալեքսանդր Մինյոնը: Նա տեղեկացրեց, որ չորեքշաբթի օրը Հայաստան կժամանի մեկ այլ առաքելություն, խմբում լինելու են նաև սփյուռքի հայեր: Բժիշկ Մինյոնը նաև կորոնավիրուսի բուժման նպատակով օգտագործվող դեղամիջոցի մասին տեղեկացրեց:
«Կա նոր լուր, դեքսամետազոն դեղամիջոցը, հնարավոր է, արդեն օգտագործվի նաև Հայաստանում, քանի որ այն առկա է Հայաստանում, և որը օգնում է այս հիվանդության բուժման պրոցեսում: Այս հիվանդությունը երկար ամիսների պատմություն ունի, և այնպես չէ, որ այս դեղամիջոցն անպայման, անմիջապես օգնելու է ու մեզ ազատելու է այս պատուհասից»,- ասաց Ալեքսանդր Մինյոնը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս դեղը հենց առաջին օրերից կիրառվել է Հայաստանում, սակայն այժմ դրա օգտագործումը կընդլայնվի: Նրա խոսքով՝ դեքսամետազոնի պակաս չկա Հայաստանում, և այն բավականին մատչելի դեղամիջոց է:
«Խնդրում եմ ինքնաբուժությամբ չզբաղվել: Դեղամիջոցը հորմոնալ է, և այն կարելի է օգտագործել միայն բժշկի ցուցումով, բժշկի նշանակելու դեպքում, կանխարգելիչ նպատակով չօգտագործել»,- զգուշացրեց վարչապետը:
Չնայած Առողջապահության նախարարը վստահեցրեց, որ այն վաճառվում է միայն դեղատոմսով, բայց ամեն դեպքում կոչ արեցին քաղաքացիներին չօգտագործել դեղամիջոցը առանց բժշկի ցուցումի: