«Պարոն Ծառուկյանը դատարանում իր կարծիքն արտահայտել է մեղադրանքի վերաբերյալ». Սամվել Դիլբանդյան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրում, դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, քիչ առաջ ավարտվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննությունը։
Գագիկ Ծառուկյանի փաստաբան Սամվել Դիլբանդյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատարան ներկայացված ապացույցները, ցուցմունքները հակասում էին իրար, խնդիրներ կան նաև կալանքի օրինականության, պայմանների հետ կապված:
Փաստաբանը հավելեց, որ իրենց կողմից բոլոր առարկությունները ներկայացվել են, և հույս ունի, որ ներկայացված միջնորդությունն անպայման կմերժվի:
«Պարոն Ծառուկյանը դատարանում իր կարծիքն արտահայտել է մեղադրանքի վերաբերյալ։ Ինչպես ձեզ ամեն անգամ ներկայացվել է, նույնը ներկայացվել է դատարանում՝ մեղադրանքի շինծու, անհիմն լինելու, իր նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելու հետ կապված»,- տեղեկացրեց Սամվել Դիլբանդյանը:
Ի դեպ, Գագիկ Ծառուկյանի պաշտպանը տեղեկացրեց նաև, որ քրեական գործերի նյութերը բավականին շատ էին և ամբողջ նյութերին ծանոթանալու, վերլուծելու, դրանք գրավոր նախապատրաստելու համար ժամանակահատվածը շատ քիչ էր.
«Կարծում եմ, որ այստեղ Սահմանադրության 67 հոդվածի ակնհայտ խախտում թույլ տրվեց, քանի որ Սահմանադրության 67 հոդվածի համաձայն՝ մեղադրյալը բավարար ժամանակ, միջոցներ ու հնարավորություն պետք է ունենա՝ իր պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար»:
Որոշումը կհրապարակվի հունիսի 21-ին՝ կիրակի օրը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն էր իրականացրել ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: