«Պաշտպանության նախարարը որևէ քննվող գործով դատավարական կարգավիճակ չունի». Շուշան Ստեփանյան

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և այլ պաշտոնատար անձանց դեմ ներկայացված  հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ։ Այս մասին  NEWS.am-ին հայտնել էին ՀՀ քննչական կոմիտեից։

168.amՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանից այս առնչությամբ պարզաբանում խնդրեց, ինչին ի պատասխան՝ նա ասաց, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում համապատասխան միջոցներ է ձեռնարկել դատարանի օրինական վճիռն իրականացնելու ուղղությամբ։

«Դատարանի վճիռը կոչված է ապահովելու օրենքի կատարումը, իսկ օրենքով սահմանված ընթացակարգերն իրականացնելը տևում է որոշակի ժամանակահատված։ Հարկ է նշել, որ Պաշտպանության նախարարությանը հատկացվող բյուջետային միջոցների յուրաքանչյուր լումա ունի իր գործառնական նշանակությունը, և նախատեսված է կոնկրետ ծրագրի իրականացման համար, որի մեջ ներառված չեն նախկինում հնարավոր թերացումների, իրավական չկարգավորված հարցերի հետևանքով առաջացած ծախսերը, Ցոլակ Խաչատրյանի և այլ զինծառայողների պահանջմունքների բավարարումը։

Ոչ միայն Ցոլակ Խաչատրյանի մասով, այլև օրինական ուժի մեջ մտած մի շարք այլ դատական ակտերի կատարումն ապահովելու նպատակով Պաշտպանության նախարարությունը ստիպված էր իրականացնել որոշակի ծրագրերի կրճատումներ։ Այդ նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը գարնանը սահմանված կարգով նախաձեռնել է բյուջետային միջոցների վերաբաշխում։ Համապատասխան ընթացակարգերն ավարտված են և շահառուի կողմից բանկային վավերապայմանները տրամադրելուց հետո առաջիկայում կիրականացվի վճռի կատարումը։ Ինչ վերաբերում է քրգործ հարուցելուն, ապա այդ մասին պաշտոնապես մեզ դեռ չի տեղեկացվել։ Եվ մի հավելում՝ չի կարող քրգործ հարուցվել նախարարի դեմ, գործ կարող է հարուցվել փաստի առթիվ»,- մանրամասնեց Ստեփանյանը:

Մեր հաջորդ հարցին՝ բացի վերը նշվածից, այլ փաստերով քրեական գործեր կա՞ն՝ պաշտպանության նախարարին առնչվող, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը պատասխանեց. «Պաշտպանության նախարարը որևէ քննվող գործով դատավարական կարգավիճակ չունի»:

Տեսանյութեր

Լրահոս