Տիգրան Ավինյանը փոխվարչապետից զատ այլ կարգավիճակում ենթաօրենսդրական ակտեր ընդունելու լիազորություն չունի
2020 թվականի հունիսի 17-ին «FIP-Փաստերի ստուգման հարթակը», ի թիվս այլ անձանց, անդրադառնալով «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի հունիսի 17-ին «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի նախաձեռնած քննարկման ժամանակ այն հայտարարությանը, ըստ որի՝ պարետը Սահմանադրությամբ նախատեսված մարմին չէ և չի կարող նորմատիվ իրավական ակտեր կայացնել, կատարել է հետևյալ եզրահանգումը․ «Ռուբեն Մելիքյանի պնդումը, թե Տիգրան Ավինյանը, որպես պարետ, լիազորված չէ նորմատիվ իրավական ակտեր ընդունել, չի համապատասխանում իրականությանը, քանի որ, ըստ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի, պարետը՝ այս դեպքում, փաստացի, փոխվարչապետը, կարող է ընդունել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր»:
Նշվածի վերաբերյալ հարկ ենք համարում արձանագրել, որ «FIP-Փաստերի ստուգման հարթակը», առաջնորդվելով քաղաքական իշխող ուժի հետ խմբային շահերով, հերթական անգամ դուրս է եկել փաստերի ստուգման իր գործունեության շրջանակից, որպես «փաստ» է ներկայացրել իրավական դիրքորոշումը և կատարել է իրավունքի վերաբերյալ վերլուծություն, որի համար անհրաժեշտ ձեռնհասություն և իրավական գիտելիքներ նշված հարթակը չունի։
Այս առումով, ցանկանում ենք հանրությանը համառոտ ներկայացնել պարետի՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելու լիազորությունների հետ կապված իրավական խնդիրները և այդ կապակցությամբ մեր իրավական մոտեցումները:
ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին»: Այսինքն, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելու լիազորությամբ օժտված են բացառապես Սահմանադրությամբ նախատեսված մարմինները։ Սրան հակառակ, ՀՀ պարետի պաշտոնը սահմանվել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով և չի համարվում Սահմանադրությամբ նախատեսված մարմին։
Մեր կազմակերպության համահիմնադիրները, ինչպես նաև մի շարք այլ իրավաբաններ արտակարգ դրության ամբողջ ընթացքում այդ խնդրի վերաբերյալ բազմիցս բարձրաձայնել են։ Ըստ էության, հենց այս խնդրի գոյությունը ոչ բարձրաձայն ընդունելով՝ ՀՀ կառավարությունը հանդես եկավ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախաձեռնությամբ, սակայն հերթական կիսատ-պռատ և ոչ պրոֆեսիոնալ աշխատելաոճի պատճառով խնդիրն իր պատշաճ իրավական լուծումը այդպես էլ չստացավ։
Այսպես, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 29․04․2020թ․-ի ՀՕ-238-Ն օրենքով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը շարադրվեց հետևյալ խմբագրությամբ․ «Արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման և արտակարգ դրությամբ պայմանավորված այլ հրատապ հարցեր լուծելու նպատակով արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է սահմանվել, որ վարչապետը կամ այդ որոշմամբ սահմանված փոխվարչապետը արտակարգ դրության ընթացքում ի պաշտոնե հանդես է գալիս որպես արտակարգ դրության տարածքի պարետ (այսուհետ՝ պարետ)»։
Վերոնշյալ իրավանորմի վերլուծությունից բխում է, որ Օրենսդիրը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ իրավունք է վերապահել վարչապետին կամ այդ որոշմամբ սահմանված փոխվարչապետին արտակարգ դրության ընթացքում ի պաշտոնե հանդես գալ որպես արտակարգ դրության տարածքի պարետի պաշտոնում, սակայն, միևնույն ժամանակ, սահմանազատել է վարչապետի կամ փոխվարչապետի և պարետի պաշտոնները՝ նշելով, որ վարչապետը կամ փոխվարչապետը արտակարգ դրության ընթացքում հանդես են գալիս որպես պարետ։
Նշվածի վերաբերյալ այլ ողջամիտ մեկնաբանություն դժվար է պատկերացնել․ հակառակ դեպքում կստացվի, որ Օրենսդիրը սեփական նախաձեռնությամբ կարող է տարբեր պաշտոններ նույնացնել Սահմանադրությամբ նախատեսված մարմինների հետ և, առանց Սահմանադրի կամքի, ստեղծել Սահմանադրական նոր մարմիններ, ինչն ակնհայտորեն կլինի Օրենսդրի կողմից Սահմանադրի լիազորությունների յուրացում։
Ուստի Տիգրան Ավինյան պաշտոնատար անձը ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելու լիազորությամբ օժտված է բացառապես Սահմանադրությամբ նախատեսված փոխվարչապետի կարգավիճակում, իսկ փոխվարչապետի կարգավիճակից զատ այլ՝ պարետի, ՀՀ քաղաքացու, տնտեսագետի, լավ ընկերոջ կամ ցանկացած այլ կարգավիճակում, Տիգրան Ավինյանը ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելու լիազորություն պարզապես չունի։
«Իրավական ուղի» հասարակական կազմակերպություն