Բաժիններ՝

«Առողջապահության նախարարությունն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից գումար չի ստացել». ԱՆ

168.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ առողջապահության նախարարությանը, որտեղ արվել էին հետևյալ հարցադրումները.

1. Կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման նպատակով բացված հիմնադրամ որքան գումար է ստացվել միջազգային կազմակերպություններից, որո՞նք ենք այդ կազմակերպությունները:

2. Առհասարակ, համաճարակային միջոցառումների իրականացման նպատակով միջազգային կառույցներից որքան գումար է ստացվել, մասնավորապես, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից:

3. Կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման նպատակով բացված հիմնադրամ որքան գումար է ստացվել Սփյուռքից, ո՞ր երկրից, ո՞ւմ կողմից՝ անհատներ, համայնք, կազմակերպություն:

4. Կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման նպատակով բացված հիմնադրամին որքան գումար են փոխանցել տեղական կազմակերպությունները, ընկերությունները, գործարարները:

5. Կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման նպատակով բացված հիմնադրամին որքան գումար է ստացվել պետական գերատեսչություններից և պետական մարմիններից, կխնդրեինք առանձին-առանձին նշել՝ յուրաքանչյուրից որքան:

Մեր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ առողջապահության նախարարությունը գրություն է ուղարկել, որում ասվում է.

«2020-ի հունիսի 5-ի Ձեր հարցմանն ի պատասխան հայտնում ենք, որ կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման և հաղթահարման նպատակով ՀՀ տարածքում ֆիզիկական անձանց և մասնավոր կազմակերպությունների կողմից օժանդակության ստացման նպատակով բացված և գործող պետական բյուջեի եկամտային «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվեհամարը գանձապետական հաշվեհամար է, որի մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկատվությանը տիրապետում է պետական ֆինանսների կառավարման բնագավառում լիազոր մարմին՝ Ֆինանսների նախարարությունը:

ՀՀ-ում Չինաստանի ժողովրդական Հանրապետության և Շվեյցարիայի դեսպանատների կողմից Առողջապահության նախարարությանը հատկացվել է համապատասխանաբար 20.000 ԱՄՆ դոլար և 20,055, 200 ՀՀ դրամ: Հայաստանի Զարգացման Նախաձեռնություններ բարեգործական հիմնադրամն Առողջապահության նախարարությանը հատկացրել է 120.000 ԱՄՆ դոլար:

Առողջապահության նախարարությունն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից գումար չի ստացել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս