Հասցեներով հրապարակեք նրանց տվյաները, որոնք ամբողջ օրը դեմ են խոսում, բայց ընտանիքի կեսը վարակված է. Փաշինյան

Վերջին օրերին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է այն թաղամասերի տվյալները, որոնք կորոնավիրուսային օջախ են եղել կամ կան: Այսօր էլ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունեց  առողջապահության նախարարի նախաձեռնությունը և ասաց, թե պետք է անգամ հասցեները հրապարակել, որ չհավատացողները գնան ու տեսնեն:

«Անձնական տվյալները պաշտպանում ենք շատ սրբորեն, դրա համար հանրության մի ստվար զանգվածը չի հավատում, որ Հայաստանում կորոնավիրուսով մահացած մարդիկ կան, չի հավատում, որ վերակենդանացման բաժանմունքում գտնվող մարդիկ կան, չի հավատում, որ իրանց կողքի շենքերում կորոնավիրուսով հիվանդ մարդիկ կան: Որ ոստիկանությունը որևէ մեկին բերման ա ենթարկում, ինչ-որ մեկը մտնում ա ուղիղ եթեր, բոլորին ցույց ա տալիս, էդ ժամանակ ոչ մեկը չի հիշում, որ անձնական տվյալի գաղտնիության խնդիր կա: Իսկ երբ որ ցույց ես տալիս դրանից առաջ քաղաքացու, մարդու ցուցաբերած օրինախախտումը, լկտի վերաբերմունքը ոստիկանության աշխատողի հետ, ասում են՝ «բա անձնական տվյալները խախտել ես»: Ես մեր ժամանակակից իրավաբանությունը ընդհանրապես, կներեք էլի, ամեն օր ինչ-որ տարօրինակ բանի ենք հանդիպում: Որտեղ ուզում ես խնդիր լուծես, ասում են՝ «չէ, էդ խնդիրը մի լուծեք հանկարծ, դա չգիտեմ, որ բանի, կոնվենցիայի, չգիտեմ ինչի խախտում ա»: Այսինքն՝ էդ օրենքները, ես չեմ հասկանում, խնդիր լուծելո՞ւ համար ա, թե՞ խնդիր չլուծելու համար ա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ այս ընթացքում չեն կարողացել մի ընտանիքի համոզել, որ գան ու ասեն, որ իրենց հարազատը մահացել է:

«Իրավիճակը արտակարգ ա, և պետք ա արտակարգ միջոցներ ձեռնարկել էս հարցը լուծելու համար»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը՝ հանձնարարելով «հասցե առ հասցե» հրապարակել այն մարդկանց տվյալները, որոնք խոսում են կորոնավիրուսի դեմ, բայց ընտանիքի կեսը հիվանդ է:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս