«Իրենք բնագավառի քայքայման գործառույթ են սկսել, որի համար ես դիմել եմ Գլխավոր դատախազություն, Պետշահերի վարչություն». Արմեն Աբրոյան
Մշակույթի նախարարության Պատմության և հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանի համաձայն այլևս նախարարությունում չի աշխատում:
«Հրամանը մինչ օրս չեմ տեսել և ինձ պատշաճ չի ծանուցվել, այն ևս կատարվել է օրենքի խախտումով: Շնորհակալ եմ մեր բնագավառին աջակից բոլոր ընկերներին և ազնիվ աշխատակիցներին:
Ես մշտապես կլինեմ բնագավառում»,- գրել էր Ա. Աբրոյանը:
Պատմության և հուշարձանների պահպանության գործակալության արդեն նախկին պետը 168.am-ի խնդրանքով որոշ մանրամասներ փոխանցեց:
– Աշխատանքային վեճ կամ խնդիրնե՞ր կային, թե՞ Ձեզ համար անակնկալ էր որոշումը:
– Անակնկալ չի եղել: Աշխատանքային վեճ, համարում եմ` մշտապես ունեցել եմ, կարծում եմ` խնդիրն այն չէ, որ աշխատանքային վեճ չպետք է լինի աշխատանքի ընթացքում, խնդիրն այն է, որ վերջին պահին էլ չեն համբերել գոնե մի քանի ժամ, որ օրենքի սահմանված ժամկետը լրանա, նոր հրամանը տան:
Այն ժամանակ, երբ ես փաստաթղթերով խոսում եմ ուղիղ եթերում՝ ասուլիսի ժամանակ (Արմեն Աբրոյանը նկատի ունի ասուլիսը, որտեղ անդրադարձել էր «Ֆիրդուսի» թաղամասին առնչվող խնդիրներին), այդ
պահին հրամանը տալիս են և փակում են համակարգից, փաստաթղթերից օգտվելու հնարավորությունը:
Խնդիրն այն է, որ նախարարությունն անգամ վերջին պահին անհարգալից է մասնագետների հանդեպ ( իայն ինձ նկատի չունեմ. 4-5 մասնագետներ ուղղակի դուրս եկան, որովհետև, օրինակ` օտար լեզվի մասնագետին ավելի բարձր պաշտոն են առաջարկել և ամենացածր պաշտոնն առաջարկել են վերականգնման նախկին բաժնի պետին՝ առանց պատկառանքի):
– Ի՞նչ փաստաթղթեր նկատի ունեք:
– Օրինակ` մամուլի ասուլիսում ես ցույց էի տալիս, որ «Ֆիրդուսի» թաղամասում մենք երեք գրություններ ենք ուղարկել տարբեր գերատեսչությունների, որով համաձայնություն չենք տվել այնտեղ աշխատանքներ կատարելու, կամ նախագծերին: Կամ որ այդ օրը մեր նախարարի օգնականի անգործության պատճառով՝ ես ստիպված եմ եղել ինքս գրել գրություն և դադարեցնել ապօրինի աշխատանքները:
Եվ ամենավերջում՝ հրամանը, որով ազատվել եմ աշխատանքից, համակարգը փակելուց ես չեմ տեսել, ինձ չեն տեղեկացրել պատշաճ՝ ես մինչև հիմա չգիտեմ` էդ հրամանի մեջ ինչ տեքստ է գրված:
– Պատրաստվո՞ւմ եք բողոքարկել:
– Կարող եմ բողոքարկել, իմ իրավունքն է, բայց դեռ չգիտեմ՝ պետք է, թե պետք չի: Համենայն դեպս, դիմել եմ, որ ինձ ուղարկեն ռեզերվ՝ օրենքով սահմանված կարգով՝ մինչև կորոշեմ:
– Իսկ նախարարի հետ չե՞ք փորձի հանդիպել-քննարկել իր որոշումը:
– Ոչ, ես համարում եմ՝ ո՛չ նախարարը, ո՛չ փոխնախարարը, և ո՛չ էլ նախարարի խորհրդականը կոմպետենտ չեն և իրենք բնագավառի քայքայման գործառույթ են սկսել, որի համար ես դիմել եմ Գլխավոր դատախազություն, Պետշահերի վարչություն, դրա մասին ասել եմ նաև ասուլիսում՝ փաստական օրինակներով. նաև դա է հանգամանք, որ ես չկարողանամ դրա տվյալներից օգտվել:
– Իսկ վարչապետին դիմե՞լ եք:
– Ոչ, որովհետև նախարարը գոնե այն որոշումը, որ տարել է վարչապետի մոտ՝ կառավարություն, որը ստորագրել է վարչապետը, կարծում եմ վարչապետին ներկայացրել են՝ կամ հիմնավորել են՝ համոզելով (ցույց տալով դա արդյունավետ է), կամ՝ վարչապետն ուղղակի վստահել է և ստորագրել է. երկու դեպքում էլ համարում եմ, որ արդեն որոշում կայացնողին մի հատ էլ դիմեմ, որ որոշումի հետ վերցնի…
– Ո՞ր որոշումը նկատի ունեք:
– Գործակալությունը երբ վերակազմակերպվում էր վարչության, վարչությունը, որ քիչ գործառույթներ ունի և նսեմացնում են դրանով կառույցը: Դեռևս անցյալ տարի հոկտեմբեր ժամկետն էր, որ պետք է գործակալությունը վերակազմակերպվեր: Նախարարն ասել էր՝ պետք է կոմիտե լինենք, ես համամիտ էի, և քանի որ վարչություն են վերակազմակերպել, ստացվում է՝ այն որոշումը, որը հիմք է հանդիսացել որպես վարչություն կայացնելու, դա է վարչապետի ստորագրությամբ:
Ես արդեն ուշացած և ավելորդ եմ համարում որևէ քայլ, որովհետև դրա մասին անգամ մասնագիտական խորհուրդն է դիմել վարչապետին, և այդ գործընթացը կանգնեց:
Կանգնելուց հետո վերականգնվել է վարչություն դարձնելու գործընթացը:
– Փաստորեն մշտապես եղել են տարաբնույթ խնդիրներ:
– Մշտապես եղել են խնդիրներ, որովհետեւ մարմինը, որը պետք է պահպանի հուշարձանը և պատմական միջավայրը, նա խանգարում է (իրենց բառերով) մնացած բոլոր այլ գործընթացներին, և դրա համար ղեկավար կազմից ոչ բոլորն են, որ կարող են դիմադրել այն ուժերին, որոնք ուզում են որևէ գործառույթ իրականացնել հուշարձանի հաշվին: Այնտեղ շահեր կան ներդնողներ և այլն, և պետք է գոնե քսղաքական առումով կամք ունենալ, որպեսզի հուշարձաններն ու պատմական միջավայրը չխաթարվի: