Ջավադյանին իր նոր պաշտոնում լուրջ փորձություններ են սպասվում․ դժվար է լինելու դրսից փող բերելը
Այսօր քաղաքական թոհուբոհի մեջ հանրությունը գրեթե չնկատեց ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահ Արթուր Ջավադյանի նշանակումը հատուկ հանձնարարությունների դեսպանի պաշտոնին։ Միանշանակ է, որ Արթուր Ջավադյանը չի զբաղվելու, օրինակ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ, նրա հիմնական գործը լիելու է դրսից պարտքով փող բերելը, իսկ ավելի կոնկրետ՝ խորացող ֆինանսատնտեսական ճգնաժամը կասեցնելու համար արտաքին պարտքը ավելացնելը՝ բնականաբար օգտագործելով իր «հին և բարի» կապերը։ Հայտնի մոտեցում է, որ ճգնաժամը կասեցնելու և հետևանքները վերացնելու համար երկրները ներդրումներ են իրականացնում տնտեսության մեջ՝ հիմնականում ի հաշվի պետական պարտքի ավելացման։ Համեմատության համար նշեմ, որ մեր հարևան Վրաստանը նախնական պայմանավորվածություններ ունի շուրջ 3 մլրդ դոլարի միջոցներ ներգրավելու վերաբերյալ։
2008-2009 թվականների ֆինանսատնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար նախորդ իշխանությունները միջազգային տարբեր դոնորներից (Համաշխարհային բանկից, Ռուսաստանի Դաշնությունից, Արժույթի միջազգային հիմնադրամից, Ասիական զարգացման բանկից և այլն) ներգրավեցին շուրջ 2 մլրդ դոլար, ինչի հաշվին կտրուկ ավելացավ Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը, որն ըստ իս ծախսվեց ոչ արդյունավետ և չնպաստեց երկարաժամկետ կայուն տնտեսական աճին, օրինակ՝ Գյումրու Մուշ թաղամասի կառացումը, «Հյուսիս-հարավ» ճանապարհի ներդրումային ծրագիրը և այլն։
Ցավում եմ, որ գործող իշխանությունները իրենց «հույսը կապել են» Արթուր Ջավադյանի հետ, ով կենտրոնական բանկի թիմի մյուս ներկայացուցիչների հետ մեծ վնաս է հասցրել Հայաստանի տնտեսությանը և ազգաբնակչությանը, ինչպես նաև մշտապես սպասարկել է օլիգարխիայի և բանկային համակարգի շահերը, մասնավորապես՝ ներդնելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, վատնելով վարկային միջոցները, անտերության մատնելով «Հյուսիս-հարավ»-ը, պաշտպանելով վաշխառու ֆինանսական կազմակերպությունների շահերը և այլն։
Ներկայումս համաշխարհային տնտեսությունը գտնվում է խորը ճգնաժամի մեջ, դրանից անմասն չէ նաև Հայաստանը, և այս իրավիճակում մեզ հարկավոր է նոր որակի իշխանություն՝ հատկապես պետական կառավարման ֆինանսական հատվածում։ Հին ֆինանսական քաղաքականությամբ և հին կադրերով հնարավոր չէ այս ճգնաժամը հաղթահարել։ Այս ներքաղաքական պայմաններում շատ դժվար է լինելու դրսից փող բերելը, առավել դժվար է լինելու դրանք արդյունավետ ծախսելը։ Ելնելով ստեղծված իրավիճակից՝ հերթական անգամ առաջարկում եմ համախմբել և օգտագործել համահայկական մասնագիտական և կազմակեպչական ամբողջ ներուժը՝ մի կողմ թողնելով անձնական և քաղաքական բոլոր նկրտումները։
Սուրեն Պարսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ