«Փաստն այն է, որ Ծառուկյանն իր կամքով դուրս է  եկել դահլիճից և ցանկության հայտնել գնալ ԱԱԾ». Արարատ Միրզոյան

ԱԺ փակ գաղտնի  քվեարկությամբ պատգամավորները տվեցին իրենց համաձայնությունը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ  Գլխավոր  դատախազի ներկայացրած միջնորդությանը։ Ըստ էության, Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից: Քվեարկությանը մասնակցում էր միայն ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը: Գագիկ Ծառուկյանը եկել էր նիստին, սակայն ելույթ ունենալուց հետո դուրս եկավ և ԱԱԾ զինված աշխատակիցների ուղեկցությամբ լքեց խորհրդարանի շենքը: Լրագրողներն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ էին ԱԱԾ աշխատակիցները եկել խորհրդարան և զինված սպասում ԲՀԿ ղեկավարին, և ինչո՞ւ Ծառուկյանը հեռացավ նրանց ուղեկցությամբ:

«Բնականաբար, քանի դեռ ԱԺ-ն չի տվել իր համաձայնությունը, իսկ ԱԺ-ն այս պահին դեռևս տված էլ չի կարող լինել, քանի որ ազատությունից զրկելու միջնորդությունը դեռ չի քննարկվել, մինչև այդ ԱԱԾ-ն կամ այլ ուժային կառույց Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու իրավունք և հնարավորություն չուներ և չունի, իհարկե, փոքրիկ վերապահմամբ, եթե, իհարկե, այդ պահին պատգամավորը հանցագործություն չի կատարում, այդտեղ այդ հնարավորությունը կա: Իր ելույթից հետո, դուք նկատեցիք, որ պարոն Ծառուկյանը հարցերին էլ չպատասխանեց, հրաժարվեց լսել հարցերը և դուրս եկավ դահլիճից: Իմ տեղեկությամբ՝ ինքը մոտեցել է ԱԱԾ աշխատակիցներին և ասել, որ ուզում է գնալ ԱԱԾ՝ ըստ երևույթին իրենց երեկ սկսված զրույցը շարունակելու: Ինչո՞ւ են եկել, ինչո՞ւ չեն եկել. այդ հարցը հնարավորություն կունենաք ուղղել ԱԱԾ ղեկավարությանը, վստահ եմ՝ առիթ կլինի, իր հետ ևս կհանդիպեք: Ես կարող եմ ասել այն, ինչ գիտեմ: Գուցե ունեցել են օպերատիվ տվյալներ, գուցե մտածել են, որ պետք է  վերահսկել, որ որևէ ապօրինություն չլինի, գուցե տվյալներ են ունեցել, բայց փաստն այն է, որ Ծառուկյանն իր կամքով դուրս է  եկել դահլիճից, ինքն է մոտեցել և ցանկության հայտնել գնալ այնտեղ»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Լրագրողներն ԱԺ նախագահին հարցրին, թե արդյոք խնդիրներ չի՞ տեսնում այն տեսանկյունից, որ, չնայած երկրում համավարակ է, Ծառուկյանը և իր խմբակցության պատգամավորները հայտարարել են, որ իրենք և իրենց համակիրները պայքարը շարունակելու են:

«Պայքարը շարունակելը պետք է հասկանանք՝ ի՞նչ պայքարի մասին է խոսքը: Մենք գիտենք, որ որևէ անձի, եթե, եկեք էդ բանը չանենք, էլի, դեռ քվեարկությունը չավարտված՝ որևէ կանխավարկածով չառաջնորդվենք, բայց եթե լինի ԱԺ համաձայնություն, և Գագիկ Ծառուկյանը զրկվի ազատությունից, պետք է լինի դատական գործընթաց, ինչպես ցանկացած այլ դատական գործընթացի պարագայում՝ և ՛ Գագիկ Ծառուկյանը, և՛ ցանկացած այլ ՀՀ քաղաքացի և նրա կողմնակիցները հնարավորություն ունեն շարունակել պայքարել տվյալ անձի ազատության համար այնպես, ինչպես դա թույլատրում է օրենսդրությունը: Դրանք և՛ փաստաբաններն են, և՛ գուցե աջակիցների, համախոհների խումբ կա, որոնք հավատացած են, որ անմեղությունը կա տվյալ անձի, անհրաժեշտություն են գտնում ինչ-որ պաստառներով… Հայաստանը, փառք Աստծո, ազատ և ժողովրդավար երկիր է, և այստեղ այդ ազատությունները չեն կարող սահմանափակվել: Անշուշտ, կա համավարակի գործոնը, և այս արտակարգ դրությունը՝ համավարակի բռնկմամբ պայմանավորված, որոշակի շտկումներ է մտցնելու բոլոր քաղաքացիների վարքում, իմ և ձեր ազատություններում որոշակի սահմանափակումներ մտցրել է, ինչո՞ւ ենք բոլորս հիմա դիմակ կրում, պետք է նաև այդ իրողությունները հաշվի առնել, բայց քաղաքական, իրավական որևէ սահմանափակում… Դուք հարցրիք, որ պետք է պայքարեն, Աստծու սիրուն…»,- ասաց Միրզոյանը:

Լրագրողներից մեկի հարցին, թե 2017-ի խորհրդարանական ընտրություններին միայն Գագիկ Ծառուկյանի կուսակցությո՞ւնն էր կեղծիքների դիմել, ինչո՞ւ են միայն իրենց խուզարկում, ԱԺ նախագահը պատասխանեց.

«Քրեական գործերը հարուցվում են փաստի առթիվ, Ձեր հարցն ուղղված է իրավապահներին, թե ինչքանո՞վ են նրանց հայտնի տեղեկություններ այլ ընտրակեղծիքների մասին, որոնցում ներգրավված են, կամ որոնք առնչվում են այլ քաղաքական ուժերին, ինչպես դատախազն ասաց՝ քրեական գործ կարող է հարուցվել նմանատիպ որևէ փաստի առթիվ՝ անկախ նրանից, թե որ քաղաքական ուժին է վերաբերում: Եթե ակնարկում եք ՀՀԿ-ին, վաղը-մյուս օրն այսպիսի բան կարող է վերաբերվել որևէ այլ քաղաքական ուժի, սենց ասեմ, «Իմ քայլին» էլ կվերաբերվի այդպիսի դեպք, կլինի համապատասխան քննություն որևէ իմքայլականի նկատմամբ»:

Լրագրողից մեկի հարցին, որ, եթե  այժմ խուզարկություն անեն այլ կուսակցության ղեկավարի մոտ, գուցե նրանց մոտ էլ գտնեն թղթեր, խնդիրն այն է, որ խուզարկություն իրականացվել է միայն Ծառուկյանի տանը, Միրզոյանն արձագանքեց.

«Դետալները կարևոր են, ուշադիր չեք, ասվել է, որ Վերմիշյանի գործով այլ անձի մոտ խուզարկություն են արել, գտել են թղթեր, որոնք վերաբերում են Ծառուկյանին, կլինեին թղթեր, որոնք կվերաբերեին ինձ, կգային իմ հետևից»:

Իսկ արդյո՞ք միջազգային գործընկերների կողմից այս հարցերի վերաբերյալ հետաքրքրություն եղել է. այս հարցին էլ ԱԺ նախագահը պատասխանեց, որ սա այնպիսի հարց է, և խոսքն այնպիսի մարդու մասին է, որը ընդդիմադիր ֆրակցիայի ղեկավար է, և սա կարող է հետաքրքրել նաև միջազգային գործընկերներին, սակայն այս պահին որևէ նման տեղեկություն չունի:
Ինչ վերաբերում է 2015 թվականին տեղի ունեցած իրադարձությունների հետ զուգահեռներ անցկացնելուն՝ Արարատ Միրզոյանն ասաց, որ որևէ նմանություն չի տեսնում:

«Կարծում եմ, որ ակնարկում եք այն իրադարձությունների մասին, երբ պարոն Ծառուկյանը հանդես եկավ ընդդիմադիր ելույթով, տեղի ունեցավ ՀՀԿ-ի նիստ, «բամփել» և այլն, բացարձակ ընդհանրություն չկա, այն, ինչ եղել է այն ժամանակ, իմ ընկալմամբ՝ եղել է ուղղակի շանտաժ, որ՝ հարգելի Ծառուկյան, մենք ունենք այսինչ-այսինչ կոմպրոմատները, ու եթե դու չունենաս մեզ հաճելի քաղաքական վարք, մենք կդիմենք այդ կոմպրոմատներին: Սա շանտաժի լեզու է, այս վարքագիծը մեզ համար ընդունելի չէ, ճիշտ հակառակը, անկախ նրանից՝ որևէ ընդդիմադիր ուժ մեզ հաճելի՞, թե՞ տհաճ հայտարարություն է անում, զուգահեռ ընթացող իրավական գործընթացը պետք է իր հունով ընթանա: Եթե համարենք, որ այդ շանտաժը նորմալ է, իսկ մենք չենք համարում, որ դա նորմալ է, գուցե քաղաքական հաշվարկները ցույց տային, որ պետք էր  բանակցել Ծառուկյանի հետ, չունենալ Կառավարության հրաժարական պահանջող խորհրդարանական ուժ, այլ, ինչպես 2015-ին, ակնարկել, որ ավելի լավ է՝  լեզու գտնենք իրար հետ, և այդպես կյանքը շարունակել: Սա այնքան էլ ազնիվ դիրքորոշում չէ»,- ասաց Միրզոյանը:

Լրագրողի հարցին, թե եթե հաստատվի կաշառքի մասին տեղեկությունը, հնարավո՞ր է ասել, որ Փաշինյանն անօրինական է վարչապետ ընտրվել, քանի որ նրան ընտրողներից մեկը ԲՀԿ-ն է եղել, Միրզոյանն արձագանքեց, որ որևէ պատճառահետևանքային կապ չի տեսնում:

«Նիկոլ Փաշինյանն ընտրվել է ՀՀ քաղաքացիների լուրջ և չափազանց ակնհայտ պահանջի հետևանքով, ԱԺ-ն ֆորմալ քվեարկություն արել է, անկախ նրանից, թե քվեարկողը որևէ այլ դրվագում, օրվա այլ պահի, որևէ այլ հարցում իրեն ոնց է դրսևորել, այդ քվեարկությունում պատճառահետևանքային կապ չկա»,- ասաց Միրզոյանը:

Տեսանյութեր

Լրահոս