«Իշխանությունը փաստացի հակահեղափոխություն է անում». Արման Աբովյան

Քիչ առաջ ավարտվեց  Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին հարցի քվեարկությունը, արդյունքում՝ քվեարկությանը մասնակցած 87 պատգամավորները բոլորն էլ կողմ են քվեարկել:

Խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժերը՝ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն, չեն մասնակցել փակ գաղտնի քվեարկությանը:

ԱԱԾ շենքի դիմաց NEWS.am-ի հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը ցավով նշեց, որ  «Իմ քայլի» պատգամավորներից ոչ ոք չունեցավ համառություն, որ  քվեարկի դեմ՝ բացահայտ քաղաքական հետապնդումներին:

«Սա ապացուցում է մեր այն թեզը, որ մենք հնչեցրել էինք՝ սա քաղաքական հետապնդում է, արդարության ոչ մի նշույլ չունի: Իշխանությունը փաստացի հակահեղափոխություն է անում: Ընդ որում, խաղացնում են մարդկանց ամենազգայուն լարերը՝ փորձելով արդարացնել իրենց ապօրինի քայլերը: Բայց դրա հետ մեկտեղ, կարծում եմ, որ իրենք իրենց ձեռքով մեկնարկը տվեցին բավականին լուրջ պրոցեսների, որոնք ընթանում էին, բայց հիմա ավելի կոշտ ֆորմատով կընթանան»,- նշեց նա՝ վստահեցնելով, որ ԲՀԿ-ն չի հանձնվելու, չի լռելու և իր պայքարը տասնապատիկ ուժեղ է շարունակելու:

«Թող ոչ ոք չկասկածի՝ մինչև վերջ մենք մեր սկզբունքներից հետ չենք կանգնելու: Հարյուր տոկոս իմացեք, որ պարոն Ծառուկյանը ոչ լռելու է, ոչ էլ այսպիսի քայլերով կհաջողվի վախեցնել: Սա մեզ ավելի ուժ և եռանդ տվեց, որ էլ ավելի  պայքարենք արդարության համար»,- ընդգծեց Աբովյանը՝ նշելով, որ իշխանությունները դավաճանեցին իրենց սկզբունքներին և ՀՀ քաղաքացուն:

Տեսանյութեր

Լրահոս