«Այս ֆուտուրիստական ֆարսը, ձեր և ԱԱԾ մանուկ ղեկավարի հետ միասին, կհասնի մինչև Եվրոպական դատարան». Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ բազմաթիվ փաստաբաններ, այդ թվում՝ եվրոպացի փաստաբաններ, պատրաստակամություն են հայտնել՝ իր վերաբերյալ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մասով դառնալու իր անձնական պաշտպանը:
«Հարգելի գործընկերներ, եթե լինի անհրաժեշտություն, ես ձեզ կդիմեմ, քանի որ ինձ համար կարևոր է, որ այս իրավական, ֆուտուրիստական ֆարսը, ձեր և ԱԱԾ մանուկ ղեկավարի հետ միասին, կհասնի մինչև Եվրոպական դատարան: Ես ձեզ դա խոստանում եմ, եթե անգամ ինձ համար դա կյանք արժենա: Ասում եմ՝ ինչ էլ անեք, ինչ էլ հրապարակեք, ինչ ռեպրեսիաների էլ գնաք, մեռնելուս՝ վերջին շնչիս ասելու եմ այն, ինչ մտածում եմ, այստեղ երկու կարծիք լինել չի կարող»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:
Ըստ նրա՝ այս ամենը սկսվեց ոչ թե այն բանից հետո, երբ շաքարամանից մի կտոր շաքար պակասեց, այլ՝ երբ ԲՀԿ-ի քաղաքական խորհրդի նիստում Գագիկ Ծառուկյանը ներկայացրեց երկրի իշխանությունների տարբեր ոլորտների ձախողումները՝ հայտարարելով, որ լրջանալու ժամանակն է:
«Այս հայտարարությանը հետևեց, մեկ կենտրոնից հրահանգավորված ձևով՝ բոլոր պատգամավորները, ավագանիները, մարզպետները, մարզպետների բաջանաղները, հորքուրի գանձերը, բոլոր կոֆե եփողները, նրանց կոշիկի քուղերը կոճկողները, բոլոր-բոլորը իրենց բարոյական պարտքը համարեցին սոցիալական ցանցերում հայհոյել, այն էլ՝ ամենաանբարո լկտի հայհոյանքներով, որևէ ռեալ հակափաստարկ չեղավ, թե՝ պարոն Ծառուկյան, եկեք նստենք-քննարկենք, ի՞նչ եք ասում, սխալ եք ասում: Այդ ամենին հետևեց ՊՈԱԿ-ի ֆեյք ինդուստրիայի արձագանքը, որոնց որոշ կորդինատորները նստած են, որոնց անունները հատ-հատ գիտենք: Ոչինչ չի մոռացվելու, որ մեսիջ եք տվել, թե Նաիրայի վրա այս արեք, Ծառուկյանի վրա այն արեք: Մի բան էլ ասեմ՝ այս նավթալինի մեթոդոլոգիան թարգեք, էլի, երբ որևէ իշխանության հետ խնդիր ենք ունենում, հանում են իմ հայտարարագիրը, հարգելիսներ, այն բաց ու հրապարակային է»,- հավելեց պատգամավորը:
Նա նաև ընդգծեց, որ իշխանական պատգամավորների, նախարարների հրապարակած թղթերը ընդամենը թղթեր են, ուրիշ ոչինչ:
Այնուհետև դիմելով Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ նա՝ որպես պրոֆեսիոնալ, իր քաղաքական մահկանացուն կնքել է ԱԺ դահլիճում:
«Մենք սկսում ենք Ձեզ անվստահություն հայտնելու գործընթաց, Դուք միշտ կատարել եք կեղտոտ քաղաքական պատվեր, ես գիտեմ, թե Դուք ինչ քինախնդիր անձնավորություն եք: Ես ապացուցելու եմ, որ այն, ինչ կատարվում է Գագիկ Ծառուկյանի հանդեպ՝ քաղաքական կեղտոտ պատվեր է»,- եզրափակեց նա: