Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը դիտարկումներ անցկացնելու ժամանակ բերման է ենթարկվել. նա ունի քերծվածքներ
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին բերման են ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին:
168.am-ի հետ զրույցում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասաց, որ Ռուբեն Մելիքյանը ցույցի մասնակից չէր, նա պարզապես գնացել էր Ազգային Անվտանգության ծառայության մոտ դիտարկումներ անցկացնելու համար, որի ընթացքում էլ կոշտ ձևով նրան բերման են ենթարկել:
«Նա քերվածքներ ունի, մատն է թողել դռան տակ: Ես հիմա ուզում եմ մեր իրավապաշտպանները հետևեն Ռուբեն Մելիքյանի կոչին և այցելեն ոստիկանության բաժիներ և հետևեն իրավապահների գործողություններին»,- նշեց քաղաքագետը:
Քաղաքագետը կարևոր համարեց այս իրավիճակում Ռուբեն Մելիքյանի կոչին հետևելը:
Հրանտ Մելիք-Շահնազարյանը, այս տեղեկատվությունից բացի, այլ բան այս պահին չկարողացավ ասել:
Նշենք, որ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ իր հետևից մարդիկ չգնան ոստիկանության Շենգավիթի բաժանմունք:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ազգային անվտանգության ծառայությունը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի Առինջի առանձնատանը խուզարկություն էր իրականացնում, որից հետո նրան հրավիրել են ԱԱԾ՝ հարցաքննության:
Այս պահին նրա կուսակից ընկերները, համակիրները հավաքվել են ԱԱԾ-ի դիմաց: