Գյումրու 2 արտադրական ձեռնարկություններից յուրաքանչյուրում կորոնավիրուսի 20-ից ավելի դեպք է գրանցվել. Շիրակի մարզպետ

Շիրակի մարզում, վերջին տվյալների համաձայն, արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 490 դեպք, որոնցից 200-ն արդեն բուժվել են: 46 մարդ գտնվում է Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում: Մարզում մոտ 700  մարդ ունի ինքնամեկուսացման ցուցում, որոնցից 109-ի մոտ հաստատված է կորոնավիրուսը՝ թեթև կամ ասիմպտոմ ընթացքով: Մարզում այս ժամանակահատվածում գրանցվել է 10 մահվան դեպք, որոնց հիմնական մասն ունեցել են նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ: ԱԺ-ում լրագրողներին տեղեկացրեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

Մարզպետի փոխանցմամբ՝ չնայած այս պահին կորոնավիրուսով հիվանդներին սպասարկում է միայն Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը, բայց Գյումրի ԲԿ-ն տեխնիկապես տրիաժի գործողություն է անում:

«Նախարարը Շիրակի մարզում եղել է, իրենք դիտարկել են տարբեր սցենարներ: Իմ կողմից առաջարկվել է նաև դիտարկել Գյումրիում, էս պահին դատարկ, նախկին հիվանդանոցային շենքերից մեկը, որը նախնական գնահատմամբ՝ մոտ մեկ ամիս աշխատանքներ իրականացնելուց հետո պատրաստ կլինի ընդունել մոտ 100  հիվանդի: Եվ մենք նաև ներկայացրել ենք, որ մարզի առկա բժշկական, մարդկային ռեսուրսը կբավարարի  նաև այդ հիվանդանոցում ծառայություններ կազմակերպելու համար:

Մենք համարում ենք, որ էս պահին Շիրակի մարզում ունենք որոշակի ռեսուրսներ, որոնք կարող ենք ուղղել էդ նպատակի համար»,- ասաց Տիգրան Պետրոսյանը:

Ըստ Շիրակի մարզպետի՝  հունիս ամիսը, վարակի աճի տեմպերով պայմանավորված՝ բավական մտահոգիչ է: Նրա փոխանցմամբ՝ այս պահին Գյումրու երկու արտադրական ձեռնարկությունում հաստատվել է կորոնավիրուսի դեպքեր, յուրաքանչյուրում՝ 20-ից ավելի: Երկու ձեռնարկություններում էլ գործունեությունը դադարեցված է: Տ. Պետրոսյանի փոխանցմամբ՝ մի ձեռնարկության սեփականատերը երկու շաբաթ աշխատանքները դադարեցնելու որոշում է  կայացրել, մյուսում քննարկում են մեխանիզմներ՝  աշխատանքն անվտանգ կազմակերպելու համար։:

Այսօր  Շիրակի մարզում հիմնական խնդիրը հատկապես արտերկրի աշխատանքային շուկաներից դուրս մնացած քաղաքացիների խնդիրն է:

«Մեր կողմից կազմակերպվեց տեղեկատվության հավաքագրում, որտեղ Շիրակի մարզում շինարարական ոլորտում աշխատել ցանկացող քաղաքացիներն էին հերթագրվում, իրենց տվյալները ներկայացնում: Էս պահի դրությամբ 2700 քաղաքացի է գրանցված: Էդ տվյալները մենք փոխանցել ենք Շիրակի մարզում գործող շինարարական կազմակերպություններին, Տարածքային կառավարման նախարարությանն ենք ներկայացրել, որպեսզի երկրի մակարդակով մեծ շինարարական պրոյեկտներում անհրաժեշտության դեպքում նաև հնարավոր լինի ընդգրկել էդ ռեսուրսները»,- նշեց մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս