«Դա իրենց գործելաոճն է, բոլորիս աչքի առջև է, և առաջին տարին չէ, նոր չէ. դա վաղուց է այդպես». Մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ ԲՀԿ-ին

«Եթե այս պահին երկրում արտակարգ դրություն է հայտարարված, և մենք պայքարում ենք աներևույթ թշնամու դեմ, ապա այս պարագայում գոնե, լինելով ԱԺ-ում ներկայացված երկրորդ քաղաքական ուժը և ժողովրդի մի ստվար զանգվածի կողմից վստահության քվե վայելող քաղաքական ուժ, ես նրանց կողմից նման հայտարարությունը ողջամիտ չեմ համարում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ի և այլ  ուժերի կողմից  կառավարության հրաժարականի պահանջին:

Ըստ մարզպետ Գ. Սարգսյանի՝ ԲՀԿ-ն փորձելով խոչընդոտել կառավարության գերլարված ջանքերը՝ ուզում է ինչ-որ դիվիդենտներ շահել. «Ամեն դեպքում, դա իրենց գործելաոճն է, բոլորիս աչքի առջև է, և առաջին տարին չէ, նոր չէ. դա վաղուց է այդպես»:

Հարցին՝ արդյոք հասարակության շրջանում իրենց նկատմամբ վստահությունը պահպանվե՞լ է՝ հաշվի առնելով այն, որ իշխանության ներկայացուցիչները հղում են անում նախկինում ստացած քվեներին, Գարիկ Սարգսյանը պատասխանեց. «Դա ցույց կտան հերթական ընտրությունները, դրա դատողը ժողովուրդն է, քվե տվողը  մեր ժողովուրդն է»:

Դիտարկմանը, թե ԲՀԿ-ն չի սպասում հաջորդ ընտրություններին, նա արձագանքեց. «Դա իրենց խնդիրն է, իսկ ժողովրդի հետ մեր շփումները բոլորովին այլ բան են ասում»:

Անդրադառնալով մարզում վիրուսի դեմ պայքարի արդյունավետությանը՝ մարզպետ Գ. Սարգսյանը հայտնեց. «Ինչպես գիտեք, թեժ վառվող մարզերից է մեր մարզը՝ թվով երևի երրորդն ենք Երևանից հետո: Բայց հիմնականում, նայելով դինամիկային, կարող եմ մի բան հստակ ասել՝ մեր մարզում դինամիկան առերևույթ չի փոխվում դեպի թեժացում, այսինքն՝ կորը սահուն է բարձրանում, և ոչ թե՝ ունենում ենք նոր օջախներ, որոնք վերահսկողությունից դուրս են»:

Տեսանյութեր

Լրահոս