«Ցավոք, մենք տեսնում ենք, որ պետական կառավարման շատ մարմիններում դեռևս կան մարդիկ, ովքեր գործում են այս շահերին և տրամաբանությանը հակառակ». Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին է ներկայացրել ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանին:
Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել Էդուարդ Մարտիրոսյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնում և դրանից առաջ էլ տնօրենի տեղակալի պաշտոնում կատարած աշխատանքի համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նա ԱԱԾ տնօրեն է աշխատել բավական բարդ ժամանակաշրջանում, և առաջիկայում առիթ կլինի քննարկել այս ընթացքում կատարած համատեղ աշխատանքը, հետագա անելիքները:
Ներկայացնելով ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանին՝ կառավարության ղեկավարը նրան հաջողություն է մաղթել այս կարևորագույն պաշտոնում գործունեության համար: «Ուզում եմ ընդգծել, որ, իհարկե, ԱԱԾ-ն ուժեղ, կայացած, դինամիկ կառույց է, բայց պետք է արձանագրենք նաև, որ մարտահրավերները և դրանց արձագանքելու տեմպը, արագությունը, որակն անընդհատ բարելավվելու և բարեփոխվելու, լավարկվելու կարիք ունեն: Պարոն Քյարամյանի առաջ ես հենց այդ խնդիրն եմ դրել, որպեսզի ԱԱԾ-ն ավելի էֆեկտիվ կարողանա արձագանքել այն մարտահրավերներին, որոնք մենք ունենում ենք անվտանգության ոլորտում: Ընդ որում՝ անվտանգություն ասելով – և այդ հասկացության նշանակությունը ժամանակի ընթացքում փոխվում է – ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ, որոնք նախկինում գուցե ընդհանրապես կանխատեսված չէին՝ սկսած ընթացիկ ամենամեծ խնդրից՝ կորոնավիրուսի համավարակից, շարունակած տեղեկատվության անվտանգության, քաղաքական անվտանգության և մնացած բոլոր խնդիրներով՝ կոռուպցիայի դեմ պայքարի, կոռուպցիոն գործերի քննության որակի և դինամիկայի հետ կապված: Այդ հարցերը պետք է լուծենք»:
Վարչապետը նկատել է՝ երկու տարին բավարար ժամանակ էր, որպեսզի ԱԱԾ բոլոր աշխատակիցները դիրքավորվեն ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության, այսինքն՝ ժողովրդի իշխանության և նրա արժեքների նկատմամբ: Հիմա պետք է ամփոփել, թե տրված հնարավորությունն ով ինչպես է օգտագործել, և այս առումով պետք է հնչեն շատ կոնկրետ պատասխաններ. «2018 թվականին ՀՀ վարչապետի պաշտոնն ստանձնելով՝ ինձ համար կարևորագույն խնդիր է եղել հատկապես այնպիսի կառույցներում, ինչպիսին ԱԱԾ-ն է, ուժային մարմիններն են, ապահովել համակարգերի կայունությունը, չանել անկանոն գործողություններ և շարժումներ և ստեղծել հնարավորություններ, որպեսզի բոլորը, ովքեր ունեն դրա մղումը և ձգտումը, ադապտացվեն և դիրքավորվեն նոր իրողությունների նկատմամբ: Եվ հիմա, ինչպես ասում են, եկել է արդյունքներն ամփոփելու ժամանակը»:
Կառավարության ղեկավարը մեկ այլ կարևոր խնդիր է համարել պաշտոնեական առաջխաղացման հնարավորությունը. «Ինչպես ամբողջ պետական համակարգում, այնպես էլ ԱԱԾ-ում պետք է անշրջելիորեն գործեն աշխատանքային, պաշտոնեական առաջխաղացման շատ հստակ սկզբունքներ: Առաջխաղացման հիմքում պետք է դրվի աշխատանքը, պրոֆեսիոնալիզմը, նվիրվածությունը ԱԱԾ կանոնադրական և օրենսդրական խնդիրների լուծմանը և ՀՀ ազգային անվտանգության ապահովմանը՝ բոլոր ոլորտներում: Ցավոք, մենք տեսնում ենք, որ պետական կառավարման շատ մարմիններում դեռևս կան մարդիկ, ովքեր գործում են այս շահերին և տրամաբանությանը հակառակ և երբեմն չարաշահում են գերատեսչական համերաշխությունը, որը շատ կարևոր է ցանկացած կառույցի գործունեության համար»: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պետք է ապահովել, որպեսզի գերատեսչական համերաշխությունը որևէ մեկի համար չարաշահելու և ծառայության կանոններին ու շահերին հակառակ գործելու առիթ չդառնա:
Վարչապետը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Է. Մարտիրոսյանին և արդյունավետ գնահատել նրա հետ համատեղ աշխատանքը, որի շրջանակում հաստատվել են շատ լավ մարդկային հարաբերություններ: Կրկին շնորհավորելով Ա.Քյարամյանին նշանակման առիթով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Պարոն Քյարամյան, մենք խոսել ենք և գիտենք, թե ինչ բարդ առաքելություն է դրվում Ձեր ուսերին: Համոզված եմ, որ կկարողանաք ԱԱԾ պրոֆեսիոնալ, կարող, ազնիվ ներուժը համախմբել Ձեր շուրջ և ԱԱԾ-ն նոր հաջողությունների, նոր փառքի և նոր իմիջի հասցնել, որն ընդունելի կլինի ՀՀ քաղաքացիների, մեր ժողովրդի համար և կլինի ավելի համապատասխան: Ժամանակակից աշխարհը, կյանքը դինամիկ է, և մենք պետք է կարողանանք մեր մատը պահել փոփոխությունների զարկերակի վրա, որպեսզի Հայաստանի շահերից բխող փոփոխությունները խթանենք և Հայաստանի շահերին հակասող փոփոխությունները կասեցնենք վճռականորեն և առանց սասանվելու»:
ԱԱԾ նախկին տնօրեն Է. Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին վստահության համար և մեծ պատիվ համարել ԱԱԾ-ն ղեկավարելը, որտեղ ծառայել է ավելի քան 20 տարի:
ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ բարձր վստահության համար և ընդգծել, որ կներդնի առավելագույն ջանքերը՝ կառույցի առաջ դրված խնդիրները լավագույնս իրականացնելու համար: