Բաժիններ՝

Քանոնահար Մարիաննա Գևորգյանը WORLD FOLK VISION մրցույթ-փառատոնի կիսաեզրափակիչում է

Քանոնահար Մարիաննա Գևորգյանը անցել է WORLD FOLK VISION հեղինակավոր մրցույթ-փառատոնի կիսաեզրափակիչ փուլ: Եզրափակիչում հայտնվելու համար Մարիաննան երաժշտասերների աջակցության կարիքն ունի, քանի որ օնլայն քվերակություն է անցկացվում:

«Արմենպրես»-ի թղթակից հետ զրույցում Մարիաննան ասաց, որ ներկայացրել է ազգային նվագարան քանոնը՝ կատարելով Սայաթ-Նովայի «Էշխեմեդ» ստեղծագործությունը: «Ընտրությունը տևել է մեկ ամիս: Մրցույթին մասնակցել է 115 երկրի ներկայացուցիչ, բայց 3950 մասնակցից կիսաեզրափակիչ է անցել 180-ը` 60 երկրից: Նրանց թվում են նվագախմբեր, երգչախմբեր, անհատ կատարողներ»,-պատմեց քանոնահարը՝ շեշտելով, որ կորոնավիրուսի տարածման պատճառով մրցույթն անցկացվում է օնլայն հարթակում:

Նա խոստովանեց՝ չգիտեր, որ եզրափակիչ անցնելու համար քվեարկություն է նախատեսված, հակառակ դեպքում գուցե չմասնակցեր, քանի որ այլ մասնակիցները հզոր երկրների ներկայացուցիչներ են (ԱՄՆ, Չինաստան, Ղազախստան, Թուրքիա), որոնց սատարում է նաև պետությունը: Մարիաննա Գևորգյանը պետական աջակցության համար դիմել է որոշ մարմինների և այժմ սպասում է պատասխանի:

Քանոնահարը նշեց, որ քվեարկությունն անվճար է, դա է պատճառը, որ իրեն թույլ է տալիս խնդրանքով դիմել հասարակությանը՝ իրեն աջակցելու համար:

Քվեարկությունը սկսվել է հունիսի մեկից, այն տևելու է մինչև հունիսի 15-ը: Մարիաննա Գևորգյանի օգտին քվեարկելու համար անհրաժեշտ է մուտք գործել WORLD FOLK VISION կայք, գրանցվել և տասը բալ տալ Հայաստանի օգտին:

«Գրեթե բոլոր երկրներում քանոն նվագարանը կա, բայց այդ երկրների նեկայացուցիչներից և ոչ ոք քանոն նվագարանով չի մասնակցում մրցույթին, ինչը շատ ուրախալի է: Եթե անկեղծ, շատ եմ ուզում հաղթել»,-շեշտեց երաժիշտը:

Քանոնահարին աջակցելու կոչով է հանդես եկել նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

Քվեարկությանը կարելի է մասնակցել անցնելով հղմամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս