Բաժիններ՝

Ազատությո՞ւն, թե՞ խաբկանք

Սուրբ Գրքից սովորում ենք, որ դրախտում ապրող նախածնողներն ազատ էին, և Արարիչը ոչնչով չէր կաշկանդել նրանց: Գերագույն Սերը միայն մեկ պատվիրան էր տվել Ադամին. «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք» (Ծննդոց Ա 16-17): Սակայն սա ամենևին չէր նշանակում, որ Տերը սահմանափակել էր նախածնողների ազատությունը, որի լավագույն ապացույցը առաջին պատվիրանին հետևող զգուշացումն է. «Այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդոց Ա 17):

Վերոբերյալ աստվածատուր զգուշացումից (Ծննդոց Ա 17) և նախածնողների հետագա քայլից (Ծննդոց Գ 1-13) պարզ է դառնում, որ Աստված «Բարու և չարի գիտության ծառից» (Ծննդոց Ա 16) ճաշակել կամ չճաշակելու ընտրությունը ևս հանձնել էր մարդուն: Արարչագործության թագն ու պսակն ինքը պետք է որոշեր` պահե՞լ Աստծո պատվիրանը, ապրե՞լ Նրա մոտ և մնա՞լ սրբության ու դեպի աստվածացում տանող ճանապարհի վրա, թե՞ խախտել միակ պատվիրանը, ընկնել մեղքի մեջ, հեռանալ Աստծուց, դառնալ մահկանացու և ապրել մեղքի ու պղծության մեջ: Մարդն իր ազատ կամքով ընտրեց երկրորդ ճանապարհն ու ընկավ մեղքի մեջ և, այսպիսով, կորցրեց իր տիրավանդ ազատությունն ու դարձավ մեղքի ծառա, քանզի «նա, ով մեղք է գործում, մեղքին ծառա է» (Հովհաննես Ը 34):

Ամենակալը, լինելով ազատ ու կատարյալ Սեր, չկարողացավ «Իր պատկերով» (Ծննդոց Ա 27) ստեղծված էակին տեսնել ընկած ու ազատությունը կորցրած: Տերն անկման առաջին իսկ ակնթարթից Իր «Ո՞վ հայտնեց քեզ, թե մերկ ես: Արդյոք կերա՞ր այն ծառի պտղից, որից պատվիրել էի, որ չուտես» (Ծննդոց Գ 11) հարցով մարդուն ապաշխարության հնարավորություն տվեց, սակայն մարդը ոչ թե հասկացավ ու զղջաց, այլ մեղադրեց Տիրոջն ասելով. «Այս կինը, որ տվեցիր ինձ, նա՛ տվեց ինձ ծառի պտղից, և ես կերա» (Ծննդոց Գ 12): Սակայն Արարիչը կրկին միայնակ չթողեց մեղքի ճահճի մեջ ընկղմվող Ադամի սերնդին և նրան տվեց Մովսիսական օրենքը, նրա մոտ ուղարկեց բազում մարգարեներ: Եվ, վերջապես, իրականացրեց Իր կողմից տրված և հենց առաջին ակնթարթից մարդկության ապագա սրբության ու փրկության համար նախախնամական մարգարեության փոխակերպված «Թշնամություն պիտի դնեմ քո և այդ կնոջ միջև, քո սերնդի ու նրա սերնդի միջև: Նա պիտի ջախջախի քո գլուխը, իսկ դու պիտի խայթես նրա գարշապարը» (Ծննդոց Գ 15) պատիժ-խոստումը, այսինքն, աշխարհ ուղարկեց Միածին Որդուն: Միածինն էլ նախ անապատային փորձությամբ հաղթեց մեղքին (Մատթեոս Դ 1-11, Մարկոս Ա 12-13, Ղուկաս Դ 1-13), ապա իր վարդապետութանը հնազանդեցնելով՝ հաղթանակ պարգևեց ու ազատեց նաև մեղքի ծառաներ դարձածներին (հմմտ. Հռոմ. Զ 17-18): Իսկ այնուհետև առաքյալի բերանով սովորեցրեց չկրկնել նախածնողների սխալները՝ ազատությունը սոսկ մարմնի ցանկություններին չծառայեցնել ու չարիքի պատրվակ բռնել (հմմտ. Գաղատացիս Ե 13, Ա Պետրոս Բ 16), այլ անընդհատ մտքում ունենալ, հեթանոսների մեծագույն առաքյալի կողմից Սուրբ Հոգու ներշնչմամբ ասված, ազատության ճշմարիտ ընկալումը. «Ամեն ինչ ինձ թույլատրելի է, բայց ամեն բան չէ, որ օգտակար է. ամեն ինչ ինձ թույլատրելի է, բայց ամեն ինչ չէ, որ հավատը հաստատում է» (Ա Կորնթ. Ժ 23):

Հրաչ Սուլթանյան

«Շողակն Արարատյան» ամսաթերթ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս